Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհին 10 հազար դրամի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր է տվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ հոկտեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։
«Հետագա միջոցառումներով պարզվել է, որ աղջիկը հավաստագիրը ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհուն տալով 10 հազար դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության։