ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Լորձաթաղանթի կամ լեզվի վրա կարմիր կամ սպիտակ բծերը կարող են ահազանգել Բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման մեկնարկի մասին։ Այս մասին գրում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկների տվյալները:
Ուռուցքի մասին կարող են ահազանգել նաեւ խոցերը, որոնք երեք շաբաթվա ընթացքում չեն բուժվում, պարանոցի աննորմալ այտուցը, կոկորդի կամ ականջի մշտական ցավը, կուլ տալու դժվարությունը կամ խոսքի փոփոխությունը, օրինակ` ձայնի խռպոտվելը:
«Կարևոր է հիշել, որ այդ նշանները կարող են առաջանալ բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում։ Եթե դուք նկատել եք դրանից որևէ մեկը, խուճապի չմատնվեք, բայց անմիջապես դիմեք մասնագետին», - ասվում է նյութում։
Բերանի խոռոչի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն ախտահարում է շուրթերը (առավել հաճախ` ստորին շրթունքը), բերանի խոռոչի ներքին մակերեսները, ինչպես նաեւ կոկորդի հետևի պատը, նշագեղձերը և թքագեղձերը:
Հիվանդությունն ավելի տարածված է տղամարդկանց մոտ, որպես կանոն` 40–ն անց տարիքային շրջանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պարանոցի, թևատակերի կամ աճուկի շրջանում այտուցները կարող են Հոջկինի լիմֆոմայի նշաններ լինել:
Մասնագետների խոսքով՝ մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում քաղցկեղի այս տեսակի ախտանշաններին։
Այս դեպքում, բաց թողնելով առաջին նշանները վաղ փուլում, հիվանդները թույլ են տալիս նրան վերաճել ավելի ագրեսիվ տեսակի։