Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մանկապարտեզ կբացվի

Մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն տեղի բնակչության համար։
Sputnik
Ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար 40 տեղանոց նոր մանկապարտեզ բացելու սոցիալական հարցի լուծմանը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խաղաղապահ զորակազմը Կիչանի վարչակազմից դիմում էր ստացել երկու համայնքի համար մանկապարտեզ բացելու մասին։ Համակարգող խորհրդի հետ համատեղ, որի մեջ է մտնում նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան, խաղաղապահ ուժերը, բնակավայրերի տեղական վարչակազմերի ղեկավարները մեկնեցին այն բնակավայր, որտեղ մանկապարտեզի կառուցման համար նախատեսվող տարածք է տրամադրվել: Այս մանկապարտեզում նախատեսվում է պայմաններ ստեղծել երկու խմբի համար, մեկ ավագ խումբ, որտեղ կներառվեն 5 տարեկան երեխաները, ինչպես նաև կրտսեր խումբ, որտեղ կլինեն 4 տարեկանները», - ասել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Մանկապարտեզում նոր աշխատատեղեր կբացվեն տեղի բնակչության համար։ Աշխատանքի կընդունվեն մրցութային հիմունքներով։

«Այսօր տեսանք, թե ինչ վիճակում է գտնվում շենքը, ինչպես պետք է իրականացվեն շինարարական աշխատանքները։ Ամեն ինչ կանենք նվազագույն ժամկետում և որպեսզի այստեղ ավելի լավ լինի ու երեխաներ ապրեն», - ասել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Արթուր Բալասանյանը ։

Խաղաղապահների և բարերարների ուսումնասիրությունից հետո որոշվել է նախադպրոցական կրթական հաստատությունը տեղակայել գյուղապետարանի նախկին շենքում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: