ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան, տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Լոռու դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառի» Լոռու անտառտնտեսությունների 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրգործ է հարուցվել։ Բոլոր քրգործերն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն) հատկանիշներով են։
Պաշտոնատար անձինք մեղադրվում են, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների նկատմամբ` անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայության նկատմամբ, պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է 37 մլն դրամի վնաս։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանք։
Բացի այդ, 2021թ. ընթացքում «Հայանտառի» տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ևս երկու քրգործ՝ 2 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
Ընդհանուր առմամբ Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում ներկա պահին անտառտնտեսության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն), որոշ դեպքերում՝ նաև համակցությամբ 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվում են 27 քրեական գործ։ Այդ գործերով որպես մեղադրյալ են անցնում 29 պաշտոնատար անձ՝ անտառապետներ, անտառապահներ, ինժեներներ։
Այս ամենին գումարած` 2021 թվականի ընթացքում «Հայանտառի» տնօրենին հասցեագրվել են ապօրինի անտառահատումների առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պատճառների վերացմանն ուղղված 47 միջնորդագիր: Արդյունքում 12 պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի՝ նկատողության և խիստ նկատողության տեսքով, իսկ 7 անձ ազատվել են աշխատանքից։