ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Փիլոյանը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Նա հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու գործընթացում:
Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ թեև սա իրենց առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից։ «Շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք»,- ասել է նա։
Թիերի Ռիբոն հավելել է, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը: