ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով։ Այսօր ԱԺ–ում աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։
«Հայաստանում դեռ պաշտոնական վիճակագրություն չկա աղքատության ներկա վիճակի մասին, բայց Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը մեր երկրում աճել է»,– ասաց նա` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվելով, թե ինչ է անում այս ուղղությամբ կառավարությունը։
Նախարարը նշեց, որ կառավարությունը փորձում է լուծել խնդիրը։ Խաչատրյանի խոսքով` գնաճը կարճաժամկետ հատվածում վնասել է հասարակության բոլոր սոցիալական շերտերին, ոչ միայն նրանց, ովքեր սոցիալական նպաստների, կենսաթոշակների պատճառով ավելի շատ են կախված կառավարության որոշումներից։
«Բայց փորձում ենք քայլերի հաջորդականությունը դասավորել այնպես, որ չվտանգենք երկարաժամկետ կայունությունն ու երկարաժամկետ ծրագրերը»,– ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ 2022 թվականի բյուջեով սոցիալական ոլորտի հատկացումներն աճել են 15 տոկոսով` հասնելով 580 միլիարդ դրամի։
Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության` սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։
Բյուջեով 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 2-3 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։
Նվազագույն կենսաթոշակը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստների չափերը հունվարի 1-ից նախատեսվում է 26 500–ից դարձնել 28 600։
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակն էլ նախատեսվում է ավելացնել 3000 դրամով։