ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։
Նախագծով առաջին հերթին նախատեսվում է ներդնել ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգ։
«Դա թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Հաշվի առնելով, որ սա նորույթ է, և թե՛ մեզ, թե՛ սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այս հավելվածով աշխատելու համար` առաջարկում ենք այն կիրառել 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց մենք որոշ կազմակերպությունների հետ կսկսենք սա փորձնական կիրառել»,– ասաց Սանոսյանը։
Ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար։ Մասնավորապես սահմանվում է, որ դրանք պետք է ապահովված լինեն ձյունամաքրիչ մեքենաներով` կահավորված ձյունամաքրիչ սարքավորումներով, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:
«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից ավազը շաղ տալիս»,– ասաց նախարարը։
Ավելացվում է նաև մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա: Մեքենաները պետք է լինեն հիմնականում 15 և ավելի փոքր տարիքի, դրանց 70 տոկոսը պետք է լինեն կապալառուի սեփականությունը:
Ճանապարհների սպասարկման ընթացքում երթևեկության անվտանգության անվտանգությունն ապահովելու նպատակով սպասարկող կազմակերպությունները կապահովվեն նաև լրացուցիչ կահավորանքի միջոցներ և հնարավորություն կունենան գծանշում կատարելու` պետական մարմինների հանձնարարությամբ:
Այս ամենի դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից։
Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց նախարարության առաջարկած նախագիծը։