ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։
Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ըստ այդմ՝ նա 2021-ի մայիսի 25-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքը։ Այնտեղ նշված է եղել, որ Արզաքանցյանը ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում:
Արզաքանցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործն արդեն դատարանում է։
Հիշեցնենք, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ Արզաքանցյանը Հայաստանից բացակայել է փաստաթղթերը ներկայացնելուց առաջ 1461 օրից 1005-ը։
Սեպտեմբերին Արզաքանցյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Դեմկուսից, իսկ մեկ ամիս անց միացավ «Ալյանս» կուսակցությանը։