Շիրակի մարզպետն ազատվեց պաշտոնից

Նախնական տեղեկություններով՝ նրան այդ պաշտոնում փոխարինելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն։
Հիշեցնենք` Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին։ Նրա պաշտոնանկության մասին լուրերը հանրության շրջանում ու մամուլում տարածվեցին Գյումրիում ավագանու ընտրություններում ՔՊ–ի կրած պարտությունից հետո, որտեղ նա գլխավորում էր նախընտրական ցուցակը։
Գյումրու նորընտիր քաղաքապետը ընդդիմությանը «կստիպի» համատեղ գործել
Ըստ առայժմ չհաստատված լուրերի՝ նրան մարզպետի պաշտոնում փոխարինելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Գյումրիից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։