ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել

Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի տեմպով պայմանավորված՝ նոր նախագիծ շրջանառության մեջ կդնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեկտեմբերի մեկից նոր սահմանափակում կգործի։ Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և այսուհետ ՊՇՌ թեստի պատասխա գործատուին անհրաժեշտ կլինի ներկայացնել 7 օրը մեկ պարբերականությամբ»,-ասաց Ավանեսյանը։
Նոյեմբերի 6-ը Վանաձորում պատվաստումների օր է հայտարարվել
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2330-ով և դարձել 315 004: Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։