ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է մի քանի կոնգրեսականների հետ։ Facebook-ի իր էջում նա որոշ մանրամասներ է ներկայացրել կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումներից։
«Ներկայացրել ենք Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: Հատուկ շեշտադրել ենք Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ»,- գրել է Բեգլարյանը։
Հանդիպումների ընթացքում նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում։ Արցախի պետնախարարն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Նա նաև կարևորել է Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:
Արտակ Բեգլարյանը ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իմ գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին այցելել է նաև Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին։ Քննարկել են, թե ինչպես կարելի է գրադարանում ավելացնել Արցախին առնչվող գրականությունը։
Բեգլարյանը նաև լուսանկար է հրապարակել, որում իր ձեռքում պահում է Կոնգրեսի գրադարանում առկա հայալեզու ամենահին ձեռագիրը՝ 1322թ. Աստվածաշունչը: