ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Մենք «լոքդաունների» չենք գնալու։ Նման հայտարարություն այսօր կառավարության նիստում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է դիմակների պարտադիր կրումը պահենք և պետք է պատվաստումներն անենք մեծ ծավալներով»,– ասաց վարչապետը` հավելելով, որ համավարակի դեմ պայքարի միակ միջոցն այսօր պատվաստումն է։
«Մեր հզորությունները թույլ են տալիս օրական 20-25 հազար պատվաստում իրականացնել։ Բայց օրեր են լինում, երբ շատ ավելի քիչ է լինում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։