ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչպես վարորդը կարող է վերականգնել իր մեքենայի համարանիշները, եթե այն գողացել են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիների բողոքները հաշվի առնելով` ՀՀ կառավարությունը հուլիսի 15–ին որոշեց հարցին օրենսդրական կարգավորում տալ. զույգ համարանիշները կորցրած վարորդին արդեն նույն տվյալներով համարանիշներ են տրամադրվում։
«Ընթացակարգը նույնն է նաև կրկնվող, թանկարժեք համարանիշների կրկնօրինակները տրամադրելու դեպքում։ Եթե մարդը թանկարժեք պետհամարանիշի համար մի անգամ արդեն իսկ վճարել է, ապա կրկնօրինակը վերականգնելու դեպքում վճարում չի կատարում, բացի պետական տուրքից`12.000 դրամ»,–հայտնում են ոստիկանությունից։
Եթե նախկինում գործող օրենսդրության համաձայն` ավտոմեքենայի համարանիշի գողության դեպքում սեփականատիրոջը կրկնօրինակի տրամադրում չէր նախատեսվում, ապա նոր կարգավորմամբ ոստիկանությունն առաջարկում է յուրաքանչյուր անգամ այն փոխարինել նորով, պարզապես համարանիշի անկյունում նշվում է, թե որերորդ անգամ է տրվել տվյալ համարանիշը։