ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր տարիքի 50 երեխա։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
««Moderna»–ի պատվաստանյութը ստանալուց հետո մենք փոփոխություն արեցինք մեր որոշման մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես հնարավորություն ունեն այս պահին պատվաստում ստանալու։ Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, և կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն երեխաներին պատվաստելու նկատմամբ»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ներկա պահին Հայաստանում կատարվել է 852 355 պատվաստում, որից 588 562–ը` առաջին, 263 793–ը երկրորդ դեղաչափով։
Հիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանն ասել էր, որ որոշում է կայացվել նվազեցնել «Մոդեռնայով» պատվաստվելու տարիքային շեմը, քանի որ այն Եվրամիության երկրներում կիրառվել է 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։ Փոփոխությունը պայմանավորված է նաև նրանով, որ այս ընթացքում նաև ծնողներ են դիմել՝ հետաքրքրվելով, թե արդյոք կարող են նաև երեխաները պատվաստվել։
ՀՀ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է։