Եկեք անկեղծ լինենք։ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» բարդագույն երկընտրանքը 90-ականներին հանգիստ չէր տալիս ոչ միայն հայերին, այլև հրեաներին։ Մեզ մոտ այդ սկզբունքային վեճը հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին։ Իսրայելում խաղաղության կողմնակիցը Նոբելյան մրցանակ ստացավ, բայց սպանվեց հենց իր հայրենակցի ձեռքով։ Այո′, խոսքը վարչապետ Իցհակ Ռաբինի մասին է, որը ուղիղ 26 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 4-ին կայացած 150 հազարանոց հանրահավաքում ասաց. «Ես միշտ հավատացել եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը ձգտում է խաղաղ կյանքին, և ինքս պատրաստ եմ շատ բան զոհել հանուն դրա»։
Հավաքը նոր էր ավարտվել, և Ռաբինը իր մեքենան էր նստում, երբ նրա վրա երեք անգամ կրակեց ազգայնական Իգալ Ամիրը։ Սպանության դրդապատճառը իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ պայմանագիրն էր, որն Օսլոյում համաձայնել էր ստորագրել Իցհակ Ռաբինը։
«Խաղաղության հաստատման գործընթացը կապված է դժվարությունների, երբեմն՝ շատ խորը ցավի հետ»,- փաստել էր Ռաբինը նոյեմբերի 4-ի հանրահավաքում և, ինչպես ասում են՝ նրա տառապանքը փորձ ուներ։ Լրագրող և գրող Յակով Բորովոյն իր գրքում նկարագրում է.
«Օսլոյի պայմանավորվածություններից հետո վարչապետի հակառակորդները փողոց էին դուրս եկել «Ռաբինը Արաֆաթի աղախինն է» և «Ռաբինն ընթանում է Հիտլերի հետքերով» կարգախոսներով։ Այն տան դիմաց, որտեղ ապրում էր Ռաբինը կնոջ՝ Լեայի հետ, պաստառ էր փակցված. «Մենք ձեր երկուսին կկախենք ամենամարդաշատ վայրում, ինչպես ժամանակին գլխիվայր կախեցին Մուսոլինիին և նրա սիրուհուն»։
Ինչպե՞ս հաջողվեց հանցագործին այդքան մոտենալ վարչապետին, հարց են տալիս ոմանք ճիշտ այնպես, ինչպես մինչև հիմա որոշ հայաստանցիներ խիստ կասկածներ ունեն մեր պառլամենտում հոկտեմբերի 27-ի ողբերգության պաշտոնական վարկածի հանդեպ։
Մինչ օրս էլ Իսրայելում լուրեր են շրջանառվում, թե իրականում Ռաբինին չէին ցանկանում սպանել, այլ պարզապես մահափորձի տպավորություն էին ուզում ստեղծել, ինչը խիստ կբարձրացներ նրա վարկանիշը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին, և այդ պատճառով փամփուշտները, որոնք տվել էին Իգալ Ամիրին հատուկ ծառայությունները, մարտական չէին։ Ո՞վ էր դրանք փոխել։
Կասկածողների մի մասը համոզված է, որ դա Իգալ Ամիրի անձնական նախաձեռնությունն էր, մյուսները պնդում են, թե սպանության ծրագիրն իրականացրել էին հենց իրենք՝ հատուկ ծառայությունները։ Ինչպես և Հայաստանի խորհրդարանում կատարվածի դեպքում, Իսրայելում էլ դեռ որևէ մեկը հիմնավոր ապացույցներ չի բերել, որոնք լուրջ կասկածի տակ կառնեին պաշտոնական վարկածը։
Սակայն այսօր արժե վերլուծել մեկ այլ կարևոր հարց՝ կարելի՞ է արդյոք որևէ զուգահեռ անցկացնել Օսլոյի համաձայնագրի և նոյեմբերի 9-ի հայտարարության միջև։ Միգուցե հնարավոր կլիներ, բայց միայն մի դեպքում՝ եթե մեզ մոտ ամեն ինչ կատարվեր բոլորովին այլ կերպ, քան եղավ ուղիղ մեկ տարի առաջ, այսինքն՝ ոչ թե այնպիսի ցավալի պարտությունից հետո, որը շատերը կապիտուլյացիա են անվանում, այլ շարունակական հարձակումներին հաջողությամբ դիմակայելուց և հաղթանակներից հետո։
Թույլ տվեք որոշ դրվագներ ներկայացնել խաղաղության ջերմ ջատագով Իցհակ Ռաբինի կենսագրությունից։ Անցնելով զինվորական ծառայության, նա միանգամից աչքի է ընկել արաբների հետ մի շարք զինված բախումների ժամանակ և գեներալ-մայոր է դարձել։ 1960-ականներին Ռաբինը զբաղեցնում էր Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի հրամանատարի պաշտոնը։ Հենց նրա օրոք իսրայելյան զինուժը հաղթանակ տարավ, այսպես կոչված՝ Վեցօրյա պատերազմում։ Այսինքն, այս մարդը հրաշալի գիտեր թե′ պատերազմի, թե′ հաղթանակների գինը։
Ու համաձայնե′ք, մի բան է, երբ ի պաշտպանություն խաղաղության հանդես է գալիս մի մարդ, որի կյանքի զգալի մասը անքակտելիորեն կապված է բանակի հետ, որի հրամանատարությամբ իր երկրի զինվորականները բազում հաղթանակներ են տարել, և բոլորովին այլ բան է, երբ խաղաղության կոչերով հանդես եկողը ոչ միայն երբևէ չի մասնակցել ռազմական գործողություններին, այլև իսկի բանակում էլ չի ծառայել։
Եվ ուզում եմ կրկին մեջբերել մի հատված այն ելույթից, որը Իցհակ Ռաբինն արտասանեց նոյեմբերի 4-ին՝ Թել Ավիվի հրապարակում սպանվելուց առաջ. «27 տարի ես ծառայել եմ բանակում։ Ես կռվում էի մինչև այն պահը, երբ առկայծեց խաղաղության առաջին հույսը։ Պետք է շատ աղոթել, որպեսզի գա խաղաղությունը, բայց աղոթելը բավարար չէ՝ խաղաղությունը կհաստատվի այն ժամանակ, երբ այն դառնա մեր ժողովրդի ճշմարիտ և միակ ձգտումը»։ Այս խոսքերն արտասանելուց րոպեներ անց Իցհակ Ռաբինը սպանվեց։