ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները 2021թ–ին չիրականանան։
Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին։
«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,– ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ 2021թ–ի սկզբում հայտարարել էր, որ իր նպատակն է 2021 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել։
Մարտին Քերոբյանը վերահաստատել էր իր այս կանխատեսումը` հիմնվելով արդեն պաշտոնական վիճակագրության վրա։
Իսկ օգոստոսի 6–ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր` տարվա առաջին կիսամյակում ՀՀ–ում գրանցվել է 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ տարվա վերջում 10 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք։