«Չի կարելի խոսել. խոցելի կդառնաս». Գրիգորյանը` Կապառոսի և Հայաստանի հավաքականի մասին

Խոակին Կապառոս
Ֆուտբոլիստներին մոտիվացնելու ոչ ստանդարտ մեթոդներով և «հյութեղ» հարցազրույցներով հայտնի ռուսաստանցի մարզիչ, Sputnik Արմենիայի սյունակագիր Ալեքսանդր Գրիգորյանը վերլուծել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, խոսել գլխավոր մարզչի աշխատանքի մասին:
Sputnik
Ինձ համար առաջին հաճելի նորությունը Երևանի «Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանին Հայաստանի հավաքական հրավիրելն է։ Երբ ես մարզում էի այդ ակումբը, նա բանակում էր ծառայում և հանդես էր գալիս հայկական ԲԿՄԱ-ում։ Ես անմիջապես ուշադրություն դարձրի նրան և անհամբեր սպասում էի Նարեկի վերադարձին։ Նրա ներուժը, իրոք, հսկայական է, և հիմա ամեն ինչ միայն Նարեկից է կախված: Գուցե այդ մասին խոսելը շատ վաղ է, բայց իմ խիստ անձնական կարծիքով՝ ժամանակի ընթացքում նա կարող է հավակնել ազգային հավաքականի առաջատարներից մեկի դերին։
Չեմ կասկածում, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն ուշադիր հետևում է թիմի բոլոր ֆուտբոլիստներին ու հավանական թեկնածուներին։ Խոակին Կապառոսի հրավիրած ֆուտբոլիստների ցանկից դատելով՝ այսօր մենք ունենք հավասարակշռված կազմ։ Թե՛ մարզիչը, թե՛ մենք շատ լավ ենք հասկանում, թե որոնք են մեր խոցելի կողմերը, բայց այդ մասին չարժե բարձրաձայն խոսել։ Ինչո՞ւ։
Հենց այն պարզ պատճառով, որ մտքերը նյութականանալու հատկություն ունեն։ Մենք իրական կյանքում մշտապես բախվում ենք դրան, բայց նշանակություն չենք տալիս։ Իսկ եթե պնդենք, որ բոլոր գծերում բավականաչափ որակավորված ֆուտբոլիստներ ունենք, այդպես էլ կլինի։
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
Ինչ վերաբերում է իմ ակնկալիքներին, ապա վստահ եմ, որ հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրելու։ Ես համոզվել եմ, որ այդ թիմը կամք ունի, քանի որ գլխավոր մարզիչն էլ կամային մարդ է։ Առհասարակ կյանքը ցույց տվեց, որ Կապառոսի նշանակումը հաջող որոշում էր։
Հայաստանում աշխատելու ընթացքում ես հասկացա, թե որքան դժվար է մեկ կոլեկտիվում միավորել այնպիսի տաղանդավոր ժողովրդի, ինչպիսին հայերն են։ Դա շատ բարդ է։ «Ուրարտու» ակումբում ինձ չհաջողվեց դա անել, իսկ այ «Ալաշկերտում» ստացվեց։
Հայ ֆուտբոլիստները համախմբվել էին։ Խոսքն առաջին հերթին թիմի առաջատարների՝ հավաքականի խաղացողներ Արտակ Գրիգորյանի, Տարոն Ոսկանյանի մասին է։ Կարծում եմ՝ դրա շնորհիվ «Ալաշկերտը» հետաքրքիր փուլ ունեցավ, որը մենք երկար կհիշենք։ Կապառոսին հաջողվեց միավորել հայ ֆուտբոլիստներին և իսկական հավաքական ստեղծել։
Ես տեսնում եմ, որ շատ երկրներում հիմա հայկական արմատներ ունեցող բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հայտնվում։ Ես Ռուսաստանում բազմաթիվ խաղացողների գիտեմ, այդ թվում` առաջին դիվիզիոնից՝ Ֆուտբոլի ազգային լիգայից։ Ինձ թվում է՝ ռուսական առաջին դիվիզիոնում հայկական ծագումով այսքան շատ շնորհալի ֆուտբոլիստներ երբևէ չեն եղել։
Կցանկանայի, որ հավաքականի մարզչական շտաբը նույնպես ուշադրություն դարձներ նրանց, քանի որ Ֆուտբոլի ազգային լիգայի մրցաշարը բացառիկ բարդ է։ Նույնիսկ աներևակայելի բարդ։ Մեծ թվով հանդիպումներ են տեղի ունենում բարդ պայմաններում։ Նման խաղերում արդյունքի հասնում են ոչ միայն վարպետության, այլև կամքի շնորհիվ։
Սիրում եմ Հայաստանը. «Սևան» ակումբի կիպրոսցի մարզիչը` ծրագրած հաջողությունների մասին