ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում երեկ տուն է այրվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 21:16-ին։ Նախնական տվյալներով` ներսում տարեց կին է եղել:
Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:
Այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: