ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին (4 նոյեմբերի, 2021թ․). Երևան
© Photo : official site of MFA of RA
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել արցախյան 44-օրյա պատերազմին։
«Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։
ԱԳ նախարարն շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը: