ՍԴ–ի ծանրաբեռնվածությունը 2021 թվականին եռակի ավելացել է. աշխատակազմի ղեկավար

Ավելացել է ոչ միայն պատգամավորներից ստացվող դիմումների քանակը, այլև դատարաններից, մասնավոր անձանցից, մարդու իրավունքների պաշտպանից և նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը 2021 թվականին եռակի ավելացել է։ Այս մասին այսօր 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ –ում հայտարարել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։
Ինչպես նշել է Առաքելյանը` ՍԴ ավելի շատ դիմումներ են սկսել ներկայացնել ոչ միայն պատգամավորները. մասնավոր անձանց դիմումներն ավելացել են` 70–ից դառնալով 91, դատարաններից ստացվող 15–ի փոխարեն ստացվում է 20 դիմում։ 3 դիմում ներկայացվել է տեղական ինքնակառավարման մարմիններից (ինչն աննախադեպ է)։ 2020 թվականին ՀՀ օմբուդսմանը դիմում չի ներկայացրել, իսկ 2021 թվականին միանգամից 9 դիմում է եղել նրա անունից։
Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել
Դատարանի գործառույթներին չառնչվող հարցերով դիմումների թիվը 97 դարձել է 138։
ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարց ուղղեց Առաքելյանին` հետաքրքրվելով, թե արդյոք նա չի կարծում, որ այդ հայցադիմումների մի մասը նպատակ ունի ծանրաբեռնել ՍԴ–ին։
«Չեմ ցանկանում այդ մասին հանրորեն խոսել, դա կարող է որոշ դիմումատուների հասցեին կոռեկտ չհնչել, սակայն մասնավոր զրույցներում կխոսեմ այդ մասին», – նշել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը։
Արման Թաթոյանը ՍԴ է դիմել ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
Նշենք, որ 2020 թվականին ՍԴ–ի բյուջեն կազմել է 600 մլն դրամից մի փոքր ավել, 2021–ին նախատեսվածի համաձայն` արդեն շուրջ 685 մլն է, իսկ 2022 թվականին 705 մլն դրամից մի փոքր պակաս կլինի։