ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը ՔԿՀ–ում, եթե, իհարկե, ինձ ճիշտ են զեկուցել: Հիմա ճշտումներ են անում, քանի որ բժշկական որոշակի թեմաներ կան, բայց նախնական տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված նրա մահը»,– ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով` հիմա քննարկում են հրատապ միջոցներ ձեռնարկելու հարցը, որ գոնե ժամանակավորապես սահմանափակեն որոշակի շարժը ՔԿՀ–ներ։ Անդրեասյանը նշեց, որ մտածում են նաև, թե ինչպիսի մոտեցումներով պետք է 2022-ին այս խնդիրը կարգավորեն:
Նախարարը վստահեցրեց, որ մինչև այսօր ավելի պաշտպանված են եղել փակ հաստատությունները, բայց հիմա, երբ վիրուսն ավելի ագրեսիվ կերպով է տարածվում, նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ։ Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացնեն, թե ինչ ծրագիր ունեն փակ հաստատություններին պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2045-ով և դարձել 312 674: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6491 է։