Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ խոսել է բարեփոխումների մասին

Վարչապետն ասել է, որ առաջիկա 5 տարում նախատեսում են կառուցել կամ վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմական շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը խոսել է բարեփոխումների մասին՝ նշելով, որ դրանց հիմքը կրթական ռեֆորմն է:
«Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում: Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է», - ասել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա այստեղ, Փաշինյանի խոսքով, աշխատանք է տարվում գնահատման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին։ Մասնավորապես, խոսքը գնում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Կարևոր է` Մինսկի շրջանակում բանակցային գործընթացը վերականգնվի. Փաշինյանը` Հարությունյանին