ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության` գերիների վերդարձին վերաբերող կետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:
Կարևոր է` Մինսկի շրջանակում բանակցային գործընթացը վերականգնվի. Փաշինյանը` Հարությունյանին
Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի դերը հունիսին Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի գործում և արձանագրել, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Հանդիպմանը ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը, Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, վերջերս Նյու-Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումը և համանախագահների սպասվող այցը տարածաշրջան:
Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ խոսել է բարեփոխումների մասին
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը: ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիների բացման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին՝ ներկայացնելով մեր երկրի հստակ դիրքորոշումները:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նշել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Միաժամանակ, նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների գործում ՀՀ կառավարությանը շարունակական օժանդակություն ցուցաբերելու ամերիկյան կողմի շահագրգռվածությունը: