ԵԱՏՄ երկրներում ռոումինգը կարող է չեղյալ հայտարարվել. բայց արդյոք դա լավ է Հայաստանի համար

Նման փորձ արդեն իսկ ունեցել են ԵՄ երկրները, սակայն ոչ բոլորն են շահել։
Sputnik
Նախորդ շաբաթվա վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ երկրներում ռոումինգի չեղարկման միջոցառումների ծրագիրը։ Դա նշանակում է, որ շուտով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ զանգեր հնարավոր կլինի կատարել գրեթե ներքին սակագներով։ Ռոումինգի չեղարկման ակնհայտ առավելությունների պարագայում, պարզվում է, որ այս նորամուծությունը կարող է նաև որոշակի խնդիրներ առաջացնել։ Հարցը փորձել է ուսումնասիրել Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Կնպաստի նաև բանակցություններ անցկացնելուն. Մանասերյանը` ԵԱՏՄ–ում ռոումինգի վերացման մասին
ԵԱՏՄ երկրների բջջային օպերատորների բաժանորդների միջև հեռախոսազանգեր կատարելիս ռոումինգի մասնակի կամ ամբողջական չեղարկմանը հասնելու խնդիր էր դրված դեռ հինգ տարի առաջ, երբ ԵՏՀ կոլեգիան գլխավորում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց նրա նախաձեռնությամբ էր առաջարկվել պայմանագիր կնքել միջազգային զանգերի համար միասնական սակագնային տարածք ստեղծելու վերաբերյալ:
2019 թվականի հոկտեմբերին ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը կոնկրետ խնդիր էր դրել` այնպիսի պայմաններ ապահովել, որ հնարավոր լինի ռոումինգային սակագինն իջեցնել «տնայինի» մակարդակի։ Սակայն պայմանավորվածություններն իրականացնելն ավելի դժվար եղավ, քան կարելի էր ենթադրել։ Հարցում առաջընթաց արձանագրելուն խանգարում էին մի շարք օբյեկտիվ բարդություններ։ Այդ իսկ պատճառով հարցը որոշվեց լուծել փուլ առ փուլ։ ԵՏՀ խորհուրդը յուրօրինակ ճանապարհային քարտեզ հաստատեց։
ԵՏՀ խորհրդի վերջին որոշումը մեկնաբանելիս` այդ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան պարզաբանեց, որ հետագայում ռոումինգը որպես այդպիսին վերացնելու նպատակով «միջոցառումների կոնկրետ ծրագիր է մշակվել, որն ուղղված է միջազգային ռոումինգի դեպքում հեռահաղորդակցության օպերատորների անմիջական փոխգործակցության ապահովմանը»։
Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը կվերանա
Սակայն հատկանշական է, որ Մալկինան ռոումինգի վերջնական չեղարկման կոնկրետ ժամկետներ չի նշել։ Նա նշել է միայն ռոումինգում, այսպես կոչված, «արդար սակագնի» («տնային» սակագնին առավելագույնս մոտ) շուտափույթ կիրառման անհրաժեշտությունը։ Ըստ նրա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հետևելու է նշված միջոցառումների իրականացման ընթացքին, և բոլոր խոչընդոտող խնդիրների վերացումից հետո կոլեգիան «կընդունի ԵԱՏՄ երկրների բջջային օպերատորների համար նախատեսված խորհուրդները, որոնք ուղղված են ռոումինգ ծառայության նոր սակագնային քաղաքականությանն անցում կատարելուն»։
Այսինքն Մալկինան կրկին խուսափել է ռոումինգի լիարժեք չեղարկումն ապահովելու խոստումներից։ Միևնույն ժամանակ, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը թույլ է տվել իրեն ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերջնական վերացման կոնկրետ ժամկետներ նշել։ Ըստ նրա` խնդիր է դրված դրան հասնել մինչև 2025 թվականը։
ՄՊՀ–ն ուսումնասիրում է բենզինի շուկան. վերջին թանկացումները չեն դիտարկվում
ԵԱՏՄ երկրներում հնարավորինս արագ ռոումինգը վերացնելու ձգտումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական շահերով։ Բանն այն է, որ ԵՄ–ն իր կողմից մտադիր է Հայաստանին և Արևելյան Եվրոպայի հինգ այլ երկրներին գրավիչ առաջարկ անել։ Դեռևս 2017 թվականի հուլիսին Արտաքին գործերի եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ աշխատանքի ստորաբաժանումը գլխավորող Բորիս Յարոշևիչը հայտարարել է, որ «ԵՄ երկրների և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցների` այդ թվում Հայաստանի, միջև ռոումինգը մինչև 2020 թվականը կարող է չեղարկվել»։
Կանխատեսումը չափից դուրս լավատեսական էր։ Սակայն նախորդ տարվա մայիսին Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն ԵՀ–ին խորհուրդ տվեց կոնկրետ գործողություններ սկսել, որոնք ուղղված են դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա և Բելառուս հեռախոսազանգերի դեպքում ռոումինգի չեղարկմանը։ «Gazeta Prawna» պարբերականի տվյալներով` այս նախաձեռնությամբ հանդես էին եկել լեհ պատգամավորները։ Մոսկվայում գիտակցում են, թե ինչ դրդապատճառներ են ունեցել Լեհաստանի խորհրդարանականները։
ՌԱԴԻՈ
Նոր տրանսպորտային համակարգի ներդրման դեպքում չի բացառվում, որ ուղեվարձը կթանկանա. Խաժակյան
Հարկ է նշել, որ ռոումինգից հրաժարումը կամ ռոումինգի սակագների իջեցումը համաշխարհային միտում է։ ԵՄ երկրների միջև ռոումինգը չեղարկվեց 2017 թվականին։ Բայց կան պետություններ, որտեղ մինչ օրս ներքին ռոումինգ է գործում տարբեր գավառներում կամ մարզերում գտնվող բաժանորդների միջև զանգեր կատարելիս։ Ռուսաստանը մինչև վերջերս այդ երկրների շարքում էր։ 2018 թվականի դեկտեմբերին Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ազգային ռոումինգի չեղարկման մասին օրենքը։ Օրենքն ուժի մեջ մտավ 2019 թվականի հունիսի 1-ից։ Այսօր Վլադիվոստոկից Կալինինգրադ զանգի մեկ րոպեի արժեքը հավասար է մեկ քաղաքի սահմաններում գործող սակագնին։
Դրանից հետո Մոսկվան կատարեց հետևյալ քայլը` հուշագիր ստորագրեց Արգենտինայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Էստոնիայի և Չինաստանի հետ ռոումինգում կապի սակագինն էապես իջեցնելու մասին։ Իսկ Բելառուսի հետ աշխատանք է տարվում ռոումինգի ամբողջական չեղարկման համար։ Այդ բանակցությունները ԵԱՏՄ շրջանակում շարունակվող գործընթացի հետ կապ չունեն։ 2019 թվականի դեկտեմբերին երկու երկրների կապի նախարարները «Միութենական պետության տարածքում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզ» են համաձայնեցրել և ստորագրել։
ԵԱՏՄ–ում միասնական արժույթի հարցը շատ հպանցիկ է քննարկվում. ԿԲ նախագահ
Քարտեզի համաձայն` վճարը ռոումինգում մուտքային զանգերի համար պետք է չեղարկվեր 2020 թվականի սեպտեմբերից ոչ ուշ։ Սակայն հայտարարված իրադարձությունը չկայացավ։ Այս տարվա ապրիլին Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտարարեց բջջային ռոումինգի լիարժեք չեղարկման վերջնական ամսաթիվը` 2022 թվականի հունվարի 1։ Սեպտեմբերի 10-ին երկու երկրների վարչապետները Միխայիլ Միշուստինն ու Ռոման Գոլովչենկոն հաստատեցին, որ ամեն ինչ ընթանում է ծրագրածի համաձայն։
Եթե դատենք տեղեկությունների բաց աղբյուրներով` Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումնիգի վերացման վերաբերյալ բանակցություններ երբեք չեն տարվել։ Միևնույն ժամանակ դա այն հարցն է, որը կարող էր ավելի պակաս ցավոտ լուծում գտնել հենց երկկողմ մակարդակով, այլ ոչ թե ԵԱՏՄ գործընթացների շրջանակում։ Բանն այն է, որ բջջային կապի ազգային օպերատորների համար ԵՄ տարածքում ռոումինգի չեղարկման հեռանկարը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հայկական օպերատորներին վախեցնում է եվրոպական փորձը։
ՀՀ-ում գործող կապի օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի
Հայտնի է, որ ԵՄ–ում ռոումինգի չեղարկման հետևանքով տուժեցին այն երկրների սպառողները, որտեղ բջջային կապի սակագներն ամենացածրն էին։ Եվ հակառակը, շահեցին այն պետությունների բնակիչները, որտեղ բջջային կապի ծառայությունների գներն ամենաբարձրն են։ Իսկ տարբերությունն էական էր։ Եթե Գերմանիայում մինչև 2017 թվականը միջին սակագինը 50 եվրո էր, ապա Լիտվայում` ընդամենը 9 եվրո։ Մեր դեպքում հայկական օպերատորները կարող են արժանանալ լիտվացիների ճակատագրին։ Չէ՞ որ Հայաստանում սակագները տարածաշրջանում ամենացածրերից մեկն են։
Բիզնեսում հաղորդակից անոթների օրենքն է գործում։ Եթե խոշոր ընկերությունը վնասներ է կրում իր բիզնեսի ուղղություններից մեկում, այն փորձում է ավելի շատ եկամուտ ստանալ մյուս ուղղություններից։ Այսպիսով, չի բացառվում, որ ռոումինգի չեղարկման արդյունքում կաճեն ներքին սակագները։ Օպերատորներն այդպիսով կարող են փոխհատուցել միջազգային զանգերից ստացվող շահույթի նվազումը։
Հենց այս գործընթացն է այսօր նկատվում Բելառուսում, որի օպերատորները պատրաստվում են երկու ամսից չեղարկել Ռուսաստանի հետ ռոումինգը։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում Բելառուսում բջջային կապի սակագները միջինում աճել են հինգ տոկոսով և բացառված չէ, որ մինչև տարեվերջ օպերատորների որոշ ծառայություններ կրկին կթանկանան։
ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում
Բայց Բելառուսի և Ռուսաստանի պարագայում ամեն ինչ, ընդհանուր առմամբ, ընդունելի է։ Չէ՞ որ փողերը մնում են մի երկրի ներսում։ Այլ կերպ կլինի ԵԱՏՄ ողջ տարածքում ռոումինգի չեղարկման դեպքում։ Բջջային կապի հայկական օպերատորների բաժանորդներին հետաքրքիր չէ Ղրղզստան էժան զանգերի հեռանկարը։ Իսկ ահա ղրղզներն ուզում են ներքին սակագներով Ղազախստան զանգահարել։ Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ Բիշքեկի և Նուրսուլթանի միջև հեռախոսազրույցի համար ի վերջո ստիպված կլինի վճարել Երևանի բնակիչը, քանի որ Հայաստանում բջջային օպերատորների ծառայություններն ավելի մատչելի են, քան Կենտրոնական Ասիայի երկրներում։
Նրանք, ովքեր ռոումինգից չեն օգտվում, վճարելու են նրանց համար, ովքեր օգտվում են։ Կասկածում եմ, որ դա արդար է։ Այդ պատճառով, ենթադրում եմ, որ ավելի տրամաբանական կլիներ քննարկել ոչ թե ԵԱՏՄ տարածքում ռոումինգի ամբողջական չեղարկման թեման, այլ բջջային օպերատորների միջև համագործակցությունը խրախուսելու գաղափարը` նպատակ ունենալով արտոնյալ սակագներ ստեղծել ռոումինգ ծառայությունների համար։ Գուցե հենց դա ի նկատի ուներ ԵՏՀ խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան` բարդ ձևակերպելով սեփական մտքերն ու խուսափելով կոնկրետ խոստումներ տալ ռոումինգի լիարժեք վերացման վերաբերյալ։
Երևան–Մոսկվա առանց կանգառի. ԵԱՏՄ թվային տրանսպորտային համակարգը կգործարկվի մինչև 2023 թ.
Դեռ երկար գործընթաց է սպասվում, որտեղ պետք է հաշվի առնել և՛ ակնկալվող քաղաքական շահերը, և՛ հավանական տնտեսական վնասները։ Անհրաժեշտ է պաշտպանել բջջային օպերատորների շահերը, իսկ ամենակարևորը` պաշտպանել սպառողների իրավունքները, սպառողների, որոնք ոչ մի դեպքում չպետք է վճարեն այն ծառայությունների դիմաց, որոնցից չեն օգտվում։