Քիչ էր մնում` բիզնեսը կորցնեինք․ ԱՄՆ–ում լավագույնների մեջ ներառված հայկական ռեստորանի տեր

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը Միշլենի աստղերի շնորհումից հետո կազմել է Ամերիկայի 50 լավագույն ռեստորանների իր ցուցակը: Վարկանիշային ցանկում իր պատվավոր տեղն է զբաղեցրել նաև Մարտիրոսյանների ընտանիքի՝ Գլենդելում գտնվող հաստատությունը:
Sputnik
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
«Այս պստիկ ճաշարանում ընդամենը մի քանի սեղան կա, այստեղ անհարմար է և դժվար է շարժվել, բայց ո՞ւմ է դա հուզում»․ հենց այսպես է սկսվում Mini Kabob ռեստորանի մասին հոդվածը, որը հրապարակվել է New York Times ամսագրում։
Mini Kabob ռեստորանը Գլենդելում
Այնուհետև հոդվածի հեղինակը՝ Լոս Անջելեսի հայտնի ռեստորանային քննադատ Թեջալ Ռաոն, գրում է․ «Մարտիրոսյանների ընտանիքի փոքրիկ հայկական ռեստորանում մատուցում են Լոս Անջելեսի լավագուն լուլա-քեբաբներից մեկը։ Միսն աղում են, հետո նրբորեն խառնում յուղի հետ, մատուցում են տաք վիճակում՝ նուրբ և հյութալի»։
Թեջալ Ռաոյի խոսքով՝ Mini Kabob քեբաբներն արդեն հայտնի են քաղաքում, բայց ոչ պակաս հիանալի են Արմեն Մարտիրոսյանի փորձարկումները հիմնական ճաշացանկից դուրս։
Արմենը ռեստորանի սեփականատերեր և շեֆ խոհարարներ Հովիկ և Ալվարդ Մարտիրոսյանների որդին է։ Ի սկզբանե հենց նրանք էին որոշել ամերիկացիներին ներկայացնել իրենց ֆիրմային քեբաբները։ Ավելի ուշ, Փասադենայի խոհարարական քոլեջն ավարտելուց հետո, նրանց է միացել Արմենը։ Այժմ նրանք երեքով են ղեկավարում Mini Kabob-ը։
Mini Kabob ռեստորանի սեփականատերերն ու խոհարարները ՝ Հովիկ, Ալվարդ և Արմեն Մարտիրոսյանները
Արմենը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանում է, որ Ամերիկայի 50 լավագույն ռեստորանների ցանկում ներառվելն իր համար անսպասելի էր։ «Ես անկեղծորեն մտածում էր, որ մենք տեղական մասշտաբի «աստղ» ենք, և որ մեր քեբաբները միայն Լոս Անջելեսում են լավագույնը»։
Ի դեպ, մի քանի տարի առաջ Mini Kabob-ը հայտնվել է արևելյան խոհանոցի լավագույն ռեստորանների ցանկում՝ Eater կայքի վարկածով։
Շեֆ-խոհարարը պատմում է, որ ռեստորանը շատ երկար պատմություն ունի. այն բացվել է 30 տարի առաջ։ Մի քանի սեփականատեր է ունեցել, այնուհետև Մարտիրոսյան ընտանիքն է սկսել ղեկավարել հաստատությունը։
Mini Kabob ռեստորանը Գլենդելում
«2007թ․-ին մենք քիչ էր մնում` կորցնեինք բիզնեսը։ Շատ դժվար օրեր ենք ունեցել. ընտանիքի անդամները առողջական խնդիրներ ունեին, շատ դժվար էր սոցիալական փոփոխություններին հարմարվելը․․․ Մենք տարիներ շարունակ շաբաթը 7 օր աշխատում էինք՝ առանց ընդմիջման։ Եվ միայն բոլորովին վերջերս՝ 2018-19թթ․-ին, սկսեցինք սրընթաց առաջընթաց գրանցել։ Հիմա մենք բազմաթիվ ջերմ ու նվիրված հետևորդներ և այցելուներ ունենք, ինչի համար անչափ շնորհակալ ենք նրանց»,-պատմում է Արմենը, որին հաջողվել է Mini Kabob-ը հայտնի դարձնել սոցիալական ցանցերում։
Իսկապես, չնայած ոչ մեծ տարածքին՝ հաստատությունը շատ երկրպագուներ ունի։ Այնուամենայնիվ, Մարտիրոսյան ընտանիքն աշխատում է ընդլայնման ուղղությամբ։ Բայց դա, նշում է շեֆ-խոհարարը, ոչ մի դեպքում չի կարելի անել կերակրատեսակների որակի հաշվին։
Ամերիկյան մամուլում Mini Kabob-ը երբեմն հայ-եգիպտական ռեստորան են անվանում։ Բանն այն է, որ այստեղ որոշ կերակրատեսակներ պատրաստվում են ընտանիքի նախատատի բաղադրատոմսերով․ կինը Եգիպտոսում էր մեծացել, ուր մոր հետ մասին փախել էր 1915թ․-ին՝ օսմանյան ջարդերից մազապուրծ։
«Սա հայկական ռեստորան է՝ եգիպտական խոհանոցի ազդեցությամբ, քանի որ հումուսն ու ֆալաֆելը մենք իմ նախատատի բաղադրատոմսով ենք պատրաստում»,-բացատրում է Արմենը։
Ինչ վերաբերում է Արմենի ծնողներին՝ նրանք ԱՄՆ են տեղափոխվել Հայաստանից, 80-ականների կեսերին։

«Մենք մշտական կապ ենք պահպանում մեր հայրենիքի հետ։ Մեր ընտանիքի մեծ մասը Հայաստանում է ապրում, և մեզ համար շատ կարևոր է մշտապես նրանց հետ կապի մեջ լինելը»,-ասում է Արմենը։

Նա բացատրում է, որ առայժմ Հայաստանում չի եղել ոչ միայն ծանրաբեռնվածության, այլև աէրոֆոբիայի պատճառով, որի դեմ փորձում է պայքարել։
1 / 2

Mini Kabob–ի խորովածն ու քաբոբը

2 / 2

Mini Kabob ռեստորանի սեփականատերերն ու խոհարարները ՝ Հովիկ, Ալվարդ և Արմեն Մարտիրոսյանները

Արմենը հավատացնում է, որ իր նախնիների երկիրն այցելելու համար ի վերջո կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։