ԽՍՀՄ քարտեզները գծվել են սահմանային խնդիրներ առաջացնելու նպատակով. Բեգլարյան

Աշխարհագրագետ, քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին առնչվող հարցերին։
Sputnik
Խորհրդային Միության քարտեզներին առնչվող հիմնական սկզբունքներից մեկը հենց շախմատաձև, փոխադարձ տարածքներով անցնող ճանապարհներին է վերաբերում, ինչը փոխառնված է Հին Հռոմի` «բաժանիր, որ տիրես» մոտեցումից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանը։
Ճիշտ դելիմիտացիան ու դեմարկացիան մարդու իրավունքների երաշխիք է. ՄԻՊ
Նրա կարծիքով` իհարկե լավ կլիներ, որ Հայաստանի սահմանները գծվեին 4-րդ դարի Հայքի սահմաններով, բայց ցավոք՝ դրա միտումները 2018 թվականին վերջացել են։ Այսօր Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը որոշել են առաջնորդվել խորհրդային վերջին վարչական բաժանումով, ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև եղած սահմանով։ Ըստ նրա` այդ սահմանը միլիմետր առ միլիմետր գործի է դրվում։
«Խորհրդային Միության բոլոր վարչական քարտեզները գծվել են լոկ մի նպատակով, որպեսզի սուբյեկտների միջև սահմանին առաջանան որքան հնարավոր է շատ խնդիրներ և դրանք լուծվեն միայն կենտրոնից` Կրեմլից։ Առհասարակ միջազգային իրավունքի մեջ կա մի հասկացողություն` վերջին անցած սահման, և այդ առումով խորհրդային երկու հանրապետությունների միջև վարչական սահմանը միջազգայնորեն ճանաչվածներից մեկն է։ Խորհրդային ռազմական քարտեզները նույնպես նշում են հենց այդ սահմանը, որոնց հիման վրա պետք է կատարվեն սահմանազատման աշխատանքները»,– նշեց քարտեզագետը։
Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում. Լավրով
Բեգլարյանի համոզմամբ` GPS համակարգով առաջնորդվելը սխալ է, բայց եթե անգամ ընտրում են այդ ուղին, գոնե կիրառվի ռուսական GPS–ը, սակայն դա էլ չի արվում, որովհետև մեր ամբողջ տարածքը, տրիանգուլյացիոն համակարգը (գեոդեզիական հենակետերի ցանց - խմբ.) և մնացած բոլոր օբյեկտները համապատասխանեցված են խորհրդային համակարգին և այդ ժամանակաշրջանի գեոդեզիական օրենքներին։
«Բնականաբար հիմք վերցնելով այդ սահմանը` կարելի էր գործընթացը սկսել շատ ավելի հայանպաստ պայմաններով ու միտումներով, ինչը, ցավոք, չի արվում։ Պատերազմում կրած պարտությունը նույնպես ազդում է սահմանազատման գործընթացի վրա։ Մեզ հիմա թելադրում են ամեն ինչ, և մենք ամեն ինչի տակ ստորագրում ենք։ Ակնկալվող եռակողմ հանդիպումից ոչ մի լավ բան չեմ սպասում, քանի որ նման հանդիպումները Հայաստանի համար առայժմ լավ արդյունքներով չեն ավարտվել»,– ասաց քարտեզագետը։
Դելիմիտացիան կարող է խնդիրներ ստեղծել ղարաբաղյան բանակցային գործընթացում. Քոչարյան
Բեգլարյանի դիտարկմամբ` դելիմիտացիան և դեմարկացիան բավականին երկար գործընթաց է, որը մեկնարկում է պետությունների միջև համապատասխան հանձնաժողովի ստեղծմամբ, որի կազմում ընդգրկվում են կոնկրետ ոլորտների մասնագետներ, նաև ռազմական ու դիվանագիտական մասնագետներ։
Նշենք` վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է։ Գրիգորյանի տեղեկացմամբ` Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիոն գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել, որն ավարտվել է 1929 թվականին։