ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կալանավորվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ նա կալանավորվել է խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում։
Պարզվել է, որ Նորք-Մարաշի ղեկավարի տեղակալը, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես իրեն պատկանող` փորձել էր խարդախությամբ վաճառել և հափշտակել 4 834 900 դրամ:
Բացի այդ, իր իրավասությունների շրջանակներում գնորդի օգտին գործողություններ կատարելու դիմաց նա 4000 դոլար կաշառքի շուրջ համաձայնության է եկել գնորդի հետ:
Վարչական շրջանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը):
Նախաքննությունը շարունակվում է: