Գազագեներատորային հակակարկտային կայանքները արդյունավետ չեն․ ինչ են առաջարկում մասնագետները

Հակակարկտային կայանք
Մասնագետները պնդում են, որ ՀՀ-ն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հակակարկտային պաշտպանության պետական աշխատանքներում օգտագործվում են գազագեներատորային կայանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ Հայաստանում գործում է 612 գազագեներատորային հակակարկտային կայանք, սակայն հայտնի չէ, թե դրանք ինչպես են ազդում կարկտաբեր ամպերի վրա։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթերինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշեց, որ այդ հակակարկտային կայանքներից 234-ը պետական նշանակության են, 329-ը՝ համայնքային, 49-ը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց են պատկանում։
Հակակարկտային կայաններից գողացել էր մարտկոցները․ գողին գտել են
«ՀՀ-ն աշխարհում միակ պետությունն է, որտեղ հակակարկտային պաշտպանության պետական աշխատանքներում օգտագործվում են գազագեներատորային հակակարկտային կայանքներ։ Դրանց ամենամեծ խտությունը Արմավիրի մարզում է՝ 225 հատ, Արարատում՝ 99, Շիրակում՝ 88, Լոռիում՝ 75, Արագածոտնում՝ 73 հատ»,- նշեց Ազիզյանը։
Ազիզյանի խոսքով՝ կարկտահարության դեպքերի վիճակագրության վերլուծությունը ցույց է տվել, որ ամենահաճախ ու աղետալի կարկտահարությունները լինում են այնտեղ, որտեղ այդ կայանքների ամենամեծ խտությունն է։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթերինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ ասաց՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը պնդում է, որ գիտությանը հայտնի չէ, թե այդ կայանքներն ինչպես են ազդում կարկտաբեր ամպերի վրա։

«Մեղմ ասած, պետական մակարդակով՝ կարկտաբեր ամպերի ցրման դեմ դրանց կիրառումն այդքան էլ նպատակահարմար չէ»,- ընդգծեց Սուրենյանը։
Հաշվի առնելով իրենց ուսումնասիրությունները՝ կարկտաբեր ամպերի ցրման համար մասնագետներն այլ լուծումներ են առաջարկում՝ ապահովագրության համակարգից օգտվել, կարկտապաշտպան ցանցեր կիրառել և այլն։
Ազիզյանը շեշտեց, որ կարկտահարության դեմ պայքարի ակտիվ մեթոդներից է՝ օդանավայինը, հրթիռայինը, իսկ պասիվներից՝ ցանցապատումը, ապահովագրությունը։ Աշխարհի շատ երկրներում օգտագործվում են հենց պասիվ մեթոդները։
Ջրաշեն գյուղում լուսադեմին ուժգին կարկուտ է տեղացել. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Պետությունը, եթե ընդունի մեր առաջարկը, ապա պետք է ստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ այդ կայանքների հետագա ճակատագիրը որոշելու համար»,–ասաց նա։
Նշենք, որ 008 թվականից մինչ օրս գազագեներատորային հակակարկտային կայանքներն աշխատում են պրոպան-բութան խառնուրդով, իսկ մինչ այդ աշխատել են ացիտելենով։