ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ ԵԱՏՄ–ում միասնական արժույթի անցնելու հարցը անդամ երկրների ԿԲ ղեկավարների շրջանակում այս պահին շատ հպանցիկ է քննարկվում։
«Այս պահի դրությամբ որևէ որոշակիություն չկա, որ ինչ–որ տարուց մենք անցնելու ենք միասնական արժույթի, ու որ դրան պետք է նախապատրաստվել և իրագործել որոշակի ծրագրեր։ Նույնիսկ այդ տիպի խոսակցություններ չկան»,– ասաց Գալստյանը։
Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը երեկ` նոյեմբերի 1-ին, ասել էր, որ միասնական արժույթն ամենահզոր միավորող գործոնն է, նա վկայակոչել էր ԵՄ օրինակը։ Թոսունյանի կարծիքով` միասնական արժույթի ներդրումը ԵԱՏՄ–ում ևս հզոր քայլ կլիներ միասնական տնտեսական զարգացման տեսանկյունից։
Հիշեցնենք` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը չի նախատեսում ներդնել մեկ միասնական արժույթ:
Ըստ նրա` ԵԱՏՄ-ի որևէ համաձայնագրում, միության որևէ այլ ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին: Մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ նման ծրագիր չկա։
Փոխարենը, պաշտոնական վիճակագրության համաձայն, ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ փոխադարձ հաշվարկներում աճում է: 2021թ–ի հունվարի տվյալներով` փոխադարձ առևտրի 74%-ն իրականացվում է հենց ազգային արժույթներով: