Անսարքությունը կանխատեսող հայկական ծրագիրը կիրառում են Դանիայի հողմային էներգետիկայում

հողմային էլեկտրասյուներ
Հայ մասնագետների մշակած ծրագրերը թույլ են տալիս կանխատեսել սարքավորումների անսարքությունները, ինչի շնորհիվ զգալիորեն քչանում են վերանորոգման ծախսերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Դանիան ԵՄ-ում անվերապահ առաջատար է հողմային էներգետիկայի գծով (գրեթե 50%): Երկրում նաև հողմային էլեկտրակայանների համար զարգացած արդյունաբերություն է գործում (մասնավորապես՝ աշխարհում տուրբինների խոշորագույն արտադրողը՝ Vestas-ը): Այժմ Դանիայում (և ոչ միայն այնտեղ) հողմային էլեկտրակայանների մի մասը սկսել է ավելի հուսալի աշխատել դանիացի և հայ մասնագետների կողմից ստեղծվող սոֆթի շնորհիվ։
Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում
«Մեր սոֆթը հավաքում և վերլուծում է հողմակայանների տվյալները ու դրա հիման վրա կանխատեսում է դրանց տեխնիկական վիճակը։ Օրինակ` տուրբինի փոխանցման տուփը դեռ չի փչացել, բայց արդեն սովորականից ուժեղ է դռդռում։ Ծրագիրը ազդանշան է տալիս, ու տեխնիկները, չսպասելով պլանային վերանորոգմանը, կարող է անհրաժեշտ նախազգուշական վերանորոգում իրականացնել։ Այսպիսով, սարքավորումներն ավելի քիչ են շարքից դուրս գալիս, ինչը նշանակում է, որ նվազում են էներգիայի ինքնարժեքի ծախսերը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դանիահայ Zevit ընկերության մենեջեր Սոնա Մնացականյանը։

Ծրագիրը ներառում է կայանի աշխատանքի վերլուծություն՝ կախված կլիմայական պայմաններից։ Եթե կայանը տեղակայված է սարերում, ապա ալգորիթմը հաշվի է առնում հողմակայանի սառելու հավանականությունը։ Եթե կայանը գտնվում է ծովում (ինչպես ամբողջ աշխարհում կայանների զգալի մասը), ապա ալգորիթմը բացահայտում է դրանք սպասարկող նավերի կոռոզիան:

«Կարևոր է, որ մենք ոչ միայն արձանագրում ենք իրական անսարքությունները, այլև կանխատեսում ենք ապագա անսարքությունները՝ հիմնվելով աշխատանքային ծանրաբեռնվածության, մեխանիկական մաշվածության, տուրբինների նյութի ու բազմաթիվ այլ ցուցանիշների վրա», - ավելացրեց նա:
Ընկերության մասնագետները, որոնք աշխատում են Հայաստանում, տիրապետում են ոչ միայն ծրագրավորմանը, այլև գիտելիքներ ունեն ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառներում։ Դա օգնում է նրանց ոչ թե պարզապես մեխանիկորեն գրել կոդը, այլ հասկանալ, թե ինչպես է աշխատում տեխնիկան, որի համար այն գրված է:
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Ընկերության նախագծերից օգտվողների թվում են հողմային տուրբինների, արդյունաբերական փոխանցման տուփերի արտադրողները, ինչպես նաև Շվեդիայի Vattenfall պետական էներգետիկ օպերատորը: