ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 54 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում հանդես եկող Վահե Բադալյանը 0։5 հաշվով պարտություն է կրել ղըրղզ Սանժայի Սեյդեկմատովի հետ մենամարտում։
Երկրորդ ռաունդում հայ բնռցքամարտիկը նոկդաունի ենթարկվեց, որից հետո վնասվածք ստացած ճակատի հատվածում։ Չնայած դրան նա կարողացավ պայքարը շարունակել մինչև վերջ, բայց պարտվեց մրցավարների որոշմամբ։
Վահե Բադալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր չինական Տայպեն ներկայացնող Յու-Հանգ Լինին։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը կունենա ևս երեք մասնակից։
60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ֆրանսիան ներկայացնող Սոֆիանե Օումիհեի հետ:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ նոկաուտով հաղթել է Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլին:
71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում ռինգ դուրս կգա Արման Դարչինյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակցի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Օբեդ Բարտիին է:
Դարչինյանը մեկնարկել է 1/16 եզրափակիչում, որտեղ նրա մրցակից ղըրղզ Նուրդարին Ռուստամբեկին երկրորդ ռաունդում երկու անգամ հարվածեց գոտկատեղից ներքև, ինչի պատճառով մրցավարները որակազրկեցին նրան՝ հաղթանակը շնորհելով Արման Դարչինյանին։
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը (+92 կգ) 1/8 եզրափակիչում կհանդիպի կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիի հետ:
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային:
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 բռնցքամարտիկով, որոնցից պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Արման Դարչինյանը (71 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հայաստանի 4 ներկայացուցիչներավելի վաղ դուրս էին մնացել պայքարից. Սեյրան Եղիկյանը (48 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո (3:0) պարտվել է 1/8 եզրափակիչում: Գուրգեն Մադոյանը (67 կգ) ևս մեկ հաղթանակ տանելուց հետո (5:0) պարտվել է 1/16 եզրափակիչում, Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են մեկնարկային մենամարտերում: