ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ Բոլդուինի արձակած կրակոցից զոհվել էր կինոօպերատոր Հալինա Հաթչինսիը, հոլիվուդյան դերասանն առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է CNN-ը։
Բոլդուինը պատասխանել է նրանց հարցերին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետապնդել են նրան ու հարցեր ուղղել։
«Նկարահանման հրապարակներում լինում են միջադեպեր, բայց ոչ այդպիսին։ Այս դեպքը մեկն է տրիլիոնից», — ասել է Բոլդուինը։
Դերասանը նշել է, որ իրեն արգելված է որևէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը հետաքննման փուլում է, և իրեն դեռ մեղադրանք չի առաջադրվել։
Բոլդուինը չի կարծում, որ ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն։
«Նա իմ ընկերն էր, նա իմ ընկերն էր: Այն օրը, երբ ես եկա Սանտա Ֆե՝ նկարահանումները սկսելու, ես նրան հրավիրեցի ընթրիքի մեր ռեժիսոր Ջոելի հետ: Մենք շատ լավ կազմակերպված թիմ էինք, որ միասին նկարահանեցինք ֆիլմը...և հետո տեղի ունեցավ այս սարսափելի իրադարձությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:
Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս էր թռել ատրճանակից, բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Միջադեպից հետո 63-ամյա դերասանը դադարեցրել է իր բոլոր նախագծերը, իսկ կատարվածից հետո առաջին ժամերին, ականատեսների խոսքով, դերասանը եղել է անմխիթար վիճակում և հիստերիայի մեջ։
Հայտնի է, որ ֆիլմի նկարահանող խմբի 6 անդամները բոյկոտել են ֆիլմի վրա աշխատանքը մահացու միջադեպից մի քանի ժամ առաջ: Կինեմատոգրաֆիստները լքել են նկարահանման հրապարակը՝ ի նշան երկարացված աշխատանքային օրվա, աշխատավարձի վճարման ձգձգումների դեմ բողոքի: Միջադեպից մեկ շաբաթ առաջ օպերատորներից մեկը բողոքել էր անվտանգության հետ կապված խնդիրներից, մասնավորապես դրանք կապված էին եղել նկարահանումների ժամանակ զենքի օգտագործման հետ։