ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է, որ G20-ի երկրներն ամենասեղմ ժամկետում մշակեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին սերտիֆիկատների ճանաչման հարցը։ G20-ի գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հավելել է, որ «սուր է դրված այն հարցը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արագացնի նոր պատվաստանյութերի և դեղանյութերի նախաորակավորման գործընթացը, այսինքն՝ դրանց որակի, արդյունավետության, անվտանգության գնահատումը»:
«Վստահ եմ, որ որքան արագ դա արվի, այնքան ավելի հեշտ կլինի վերսկսել գլոբալ գործարար և, այդ թվում, ամենաշատը տուժած զբոսաշրջային ակտիվությունը»,-ընդգծել է ՌԴ նախագահը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով ելույթ ունենալով գագաթնաժողովում:
Նա հավելել է, որ կարիքավոր երկրները մինչ օրս չեն կարողանում հասանելիություն ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին և կենսական կարևորության այլ ռեսուրսներին՝ անբարեխիղճ մրցակցության և հովանավորչության պատճառով, այդ թվում՝ G20-ի երկրների շրջանում:
Պուտինը մատնանշել է նաև աշխարհում գլոբալ գնաճի ռիսկերը՝ նշելով, որ կարևոր է կանխել այդ պարույրի ոլորումը և կարգավորել բյուջետային քաղաքականությունը:
Նրա խոսքով՝ ավելորդ խթանումը վերաճել է ընդհանուր անկայունության, առանձին շուկաներում ֆինանսական ակտիվների և ապրանքների գների աճի՝ էներգիա, պարենամթերք և այլն:
ՌԴ նախագահը հավելել է, որ այդ երևույթների հիմնական պատճառը զարգացած տնտեսություններում բյուջետային լուրջ դեֆիցիտներն են:
«Դրանց պահպանումը միջնաժամկետ հեռանկարում բարձր գլոբալ գնաճի ռիսկ է ստեղծում։ Դրա պատճառով ոչ միայն աճում են գործարար ակտիվության նվազման ռիսկերը, այլև ամրապնդվում և խորանում է անհավասարությունը»,-ասել է Պուտինը։
G20-ի գագաթնաժողովը հոկտեմբերի 30-ին սկսել է աշխատանքը Հռոմում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներ են հայտարարվել կլիման, կորոնավիրուսի համավարակի հաղթահարումն ու հետևանքները վերացնելը։ Մասնավորապես, քննարկվելու են զարգացող երկրների խնդիրները պատվաստման արշավի անցկացման և սեփական տնտեսություններին աջակցելու գործում: