ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է հեռուստառադիոհաղորդավար Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը։ Նրա մահվան լուրը հայտնել է Ռուսաստանի Առաջին ալիքը:
«Իգոր Կիրիլովի կերպարն ակնթարթորեն աչքի առաջ է հայտնվում «հաղորդավար» բառը հիշատակելիս։ Նա դարձավ խորհրդային հեռուստատեսության դարաշրջանը մարմնավորող թերևս ամենաճանաչված հաղորդավարը։ Էլեգանտ արտաքինով, համեստ ժպիտով և «ֆիրմային» ձայնով, որը մենք կկարոտենք։ Իգոր Լեոնիդովիչը 89 տարեկան էր»,-ասվում է մահախոսականում։
Նա հիշվող, անկրկնելի ձայներանգ ուներ, էլեգանտության և ոճի մարմնացում էր։
Անգամ երբ հեռուստատեսությունում նոր դարաշրջան սկսվեց և հաղորդավարների նոր սերունդ հայտնվեց, Իգոր Կիրիլովը շարունակեց պահանջված մնալ․ նա համերգներ, շնորհանդեսներ, ստեղծագործական երեկոներ էր վարում և մինչև կյանքի վերջ մնաց ռուսական Առաջին ալիքի հաղորդավար՝ հանդիսատեսի և գործընկերների կողմից սիրված։