Հիմա, երբ պատերազմ չէ և խաղաղություն չէ, փրկարարները շարունակում են իրենց գործը. Սարգսյան

ԱԻՊԾ համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ Կարեն Սարգսյանը նշել է, որ ծառայողական գործունեության այս մակարդակը, որը կա այսօր, վկայում է համակարգում աշխատողների մասնագիտական բարձր պատրաստվածության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կարևորագույն դերակատարություն ունեցավ պատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում: ԱԻՊԾ համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ իր ուղերձում այս մասին ասել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախարարության կայքից։

«Երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը, փրկարարները, վտանգելով սեփական կյանքը, օդային տագնապի խլացնող ազդանշանի ուղեկցությամբ արձագանքում էին բոլոր արտակարգ կանչերին։ Իսկ բռնկված հրդեհների դեպքում արագ կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքներ, փլված ու ավերված շենք-շինություններում կատարում էին որոնողափրկարարական աշխատանքներ, հումանիտար օգնություն տրամադրում ապաստարաններում պատսպարվածներին»,–ասել է Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ փրկարարները նաև ռազմական գործողությունների էպիկենտրոնում էին՝ զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին տարհանելու նպատակով: Բացի այդ, այսօր էլ, երբ պատերազմ չէ ու խաղաղություն չէ, փրկարարները շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ, տարհանել աճյուններ ու մասունքներ:
Մասնագիտական տոնի առիթով Արցախի նախագահը պարգևատրել է հերոս փրկարարներին. լուսանկարներ
Նախարարի խոսքով` սակրավորական խմբերին էլ վերապահվել է Արցախի տարածքը մաքրել ռազմամթերքից, և այդ աշխատանքի արդյունքում մինչ օրս քաղաքացիական բնակչության շրջանում դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել:
Սարգսյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ ծառայողական գործունեության այս մակարդակը, որը կա այսօր, վկայում է համակարգում աշխատողների մասնագիտական բարձր պատրաստվածության մասին: