ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյույը մեկնաբանել է կորոնավիրուսի ծագման մասին ամերիկյան հետախուզության զեկույցը՝ այն հակագիտական անվանելով։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կայքում հրապարակված փաստաթղթում առաջադրված է SARS-CoV-2 ծագման երկու հիմնական վարկած՝ բնական և լաբորատոր, բայց վարկածներից որևէ մեկին նախապատվություն չի տրվում. յուրաքանչյուրը կարող է ճիշտ լինել: Բացի այդ, հետախուզական հանրությունը կարծում է, որ կորոնավիրուսը գենետիկորեն մոդիֆիկացված չի եղել, իսկ Չինաստանի իշխանությունները դրա մասին նախապես տեղյակ չեն եղել:
«Այսպես կոչված «COVID-19»-ի ծագման գնահատումը», որը հրապարակել է ԱՄՆ հետախուզական հանրությունը, բացարձակ հակագիտական է։ Այն միայն կխաթարի ծագման գիտականորեն հիմնավորված ուսումնասիրությունը և կխանգարի վիրուսի աղբյուրի որոնման գլոբալ ջանքերին»,-հայտարարել է Լյու Պենյույը:
Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն հրաժարվում է պատասխանել Ֆորտ Դեթրիկում ռազմական լաբորատորիայի և «կենսաբանական փորձերի համար»200-ից ավելի արտասահմանյան բազաների վերաբերյալ միջազգային հանրության կասկածներին: Այսկերպ, ըստ Լյու Պենյույի, ամերիկյան կողմը «փորձում է թաքցնել ճշմարտությունը և խուսափել պատասխանատվությունից»: