ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Որովայնի շրջանում ճարպի առաջացման պատճառը հաճախ դիետիկ սնունդն է, Yahoo News Japan-ին ասել է սննդաբան Միվակո Կոձիման:
Բժիշկը բացատրել է, որ որովայնի վրա ծալքերն առաջանում են ոչ թե չափից շատ ուտելուց, այլ սխալ սննդակարգի պատճառով մկանների կորստից։ Նրա խոսքով՝ երիտասարդ տարիքում մարդն ունի մկաններ, որոնք կորսետի դեր են խաղում։ Բայց 30 տարեկանից հետո դրանք թուլանում են, ինչի հետևանքով ստամոքսը սկսում է դուրս ցցվել։
«Դա սկսում է ձեզ անհանգստացնել, և դուք սկսում եք սահմանափակել ձեր սննդակարգը, բայց արդյունքում ավելի շատ ճարպն այրող մկաններ եք կորցնում, իսկ նյութափոխանակությունը դանդաղում է»,-ասում է Կոձիման։ Այսպես է փակ շղթան ձևավորվում, և շատերը պարզապես չգիտեն` ինչպես դուրս գալ այդ շղթայից։
Կոձիման նշել է, որ դիետայի իմաստը ոչ թե չուտելն է, այլ ճիշտ սնվելը։ Ուստի պետք է այնպիսի սննդակարգ ընտրել, որն արագացնում է նյութափոխանակությունը։
Նյութափոխանակության արագացման էությունը ջերմաստիճանի բարձրացումն է, ուստի նախաճաշին սառ սմուզիներ օգտագործելը կարող է միայն վնասել։ Չի կարելի միայն բանջարեղեն ուտել, հարկ է նաև սպիտակուցային աղբյուրներ օգտագործել՝ միս և ձուկ։ Այսպես կոչված` «զրոյական կալորիականությամբ» մթերքները ևս իջեցնում են նյութափոխանակությունը, հետևաբար՝ վնաս են տալիս։