ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղն (Կուբաթլու) ու Կովսական քաղաքը (Զանգելան) Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չուներ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այդ տարածքներն այդ օրն էլ գտնվում էին մեր հսկողության տակ։ Դրանք որևէ պայմանում հանձնման ենթակա չեն եղել։ Հանձնման ժամանակ նույնիսկ չեն բանակցել Գորիս–Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները»,– նշեց Աբրահամյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որիշխանությունները նշում են, թե չհանձնելու պարագայում պատերազմ կլիներ, պատգամավորն ընդգծեց, որ նույն տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է ուզել, որ Հայաստանը հանձնի Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Մեղրին։
Աբրահամյանը շեշտեց, որ նման սկզբունքով առաջնորդվելով որևէ հաջողության հասնելու շանս չկա։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է հանձնվում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց - խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։