Միջին մասնագիտական կրթության ոլորտում կա որոշակի առաջընթաց. նախկինում այդ կրթությունը շատ ավելի վատ վիճակում էր, ամբողջությամբ մատնված էր անուշադրության, նույնիսկ մի պահ ստիպված էին ուսուցումն անվճար դարձնել, քանզի շատ դիմորդներ չկային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա կարծիքով` միջին մասնագիտական կրթության բնագավառում արդեն իսկ նկատվում են տեղաշարժեր, փորձ է արվում համակարգը համապատասխանեցնել աշխատաշուկային, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում դեռևս շարունակում է իշխող մնալ բարձրագույն կրթության մոլուցքը, հետևաբար, այդ ֆոնին միջին մասնագիտական կրթությունն առայժմ մնում է ստվերում։
«Շատ մարդիկ չեն ցանկանում արհեստներ սովորել կամ միջին կրթություն պահաջող աշխատանք կատարել, քանի որ ներկայում հեշտացել է ԲՈւՀ ընդունվելը։ Միջին մասնագիտական կրթության խթանման համար մեզ պետք է լուրջ նյութատեխնիկական բազա, առավել ևս, որ որոշ մասնագիտությունների պարագայում դա առանձնապես դժվար չէ, այդուհանդերձ, անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որպեսզի միջին մասնագիտական կրթությունը դառնա ավելի բարձրորակ», –նշեց կրթական հարցերի փորձագետը։
Խաչատրյանի դիտարկմամբ` կարծրատիպերը նույնպես չեն թողնում, որպեսզի մարդիկ գնան այդ ուղղությամբ. համարվում է, որ այդտեղ մարդիկ կատարելու են ծանր աշխատանք և քիչ են վարձատրվելու։
Փորձագետը, սակայն, պնդում է, որ շատերի համար ավելի լավ կլիներ, եթե միջին մասնագիտական կրթություն ստանային, ոչ թե բուհում ժամավաճառությամբ զբաղվեին, առավել ևս, որ կա միջազգային փորձը` զարգացած երկրներում պատանիները ստանում են նաև արհեստագործական ուսումնառություն, ինչն ամենևին չի խանգարում նրանց բարեկեցությանը։
«Այն հասարակության մեջ, որտեղ չափից շատ են բարձրագույն կրթություն ունեցողները, մարդկանց հավակնություններն անհարկի բարձրանում են։ Շատերը բարձր աշխատավարձով աշխատանք են փնտրում, մինչդեռ նրանց մոտ բացակայում է նույնիսկ միջին մակարդակի որակավորումը։ Արդյունքում հասարակության մեջ ձևավորվում է մարդկանց խումբ, որոնք ունեն դիպլոմ, բայց չունեն համապատասխան հմտություններ»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Խաչատրյանի խոսքով`միջին մասնագիտական կրթության ոլորտում օրակարգային է նաև դասավանդման արդիականության խնդիրը, այդ կրթությունն ավելի պրակտիկ դարձնելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2008 թվականին։
Այն մշակվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության» և «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» հիմնադրույթներին համապատասխան:
Հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները, հայեցակարգը միտված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով ոլորտի հետագա զարգացումների գերակա ուղղությունները:
Հայեցակարգի հիմքում դրվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը»: