ՀՀ դեսպանը իրանցի նախարարի հետ քննարկել է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը

Արտաշես Թումանյանը և Ռոստամ Ղասեմին
Նախարար Ղասեմին վստահեցրել է, որ հայ֊իրանական համագործակցությունը քաղաքաշինության հարցերում կշարունակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։
Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։
Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսի բնակչի մեքենան և փորձել են իջեցնել նրան
Նախարար Ղասեմին փոխանցել է իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, նաև նշել է, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։
Նշենք, որ Արտաշես Թումանյանը շուտով ավարտելու է իր պաշտոնավարումը, քանի որ Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև գումար է պահանջում։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։ Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին