ՀՀ դատախազության պատասխանը Ալիևին. ներկայացվել են թմրանյութերի շրջանառության տվյալները

Թմրանյութեր. Արխիվային լուսանկար
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է 2021թ–ին և դրանից առաջ Հայաստանի և Իրանի պետական սահմանին հայտնաբերված դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերով ընթացիկ տարում կազմվել է 12 քրգործ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և հավելում, որ դեպքերը բացահայտվել են ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից։
«Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի: Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու 2 դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց»,– նշում են դատախազությունից։
«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են թմրանյութով լցված փաթեթը ներքաշել խուց
Կառույցից ընդգծում են, որ միայն 2021 թվականին ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված հայտնաբերվել է 451 կգ թմրամիջոց։
Գլխավոր դատախազությունը նշում է, որ մշտապես պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ:

«Սկսած 2016 թվականից՝ բացահայտվել է նման 7 դեպք, որից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ ՀՀ իրավասու մարմինների կողմից»,– ընդգծում են դատախազությունից և հավելում, որ ԻԻՀ–ից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:

Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում սերտ համագործակցում են նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունները։ Նշենք, որ ԻԻՀ գլխավոր դատախազը հոկտեմբերի 12-ից 15-ը այցելել է Հայաստան և քննարկվել է 2 երկրի միջև մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու և այլ հարցեր։
Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևին. թմրաշրջանառության մասին նրա հայտարարությունը կեղծ է
Այս փաստերը վկայում են, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքները, թե ՀՀ-ն և ԻԻՀ-ն Արցախի տարածքն օգտագործել են թմրամիջոցների ապօրինի տարանցման նպատակով` իրականության հետ որևէ աղերս չունեն։
2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: Ընդհանուր առմամբ, 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածում էլ Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծվել և հայտնաբերվել է 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։