ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգային մրցումների եզրափակիչում, 1։3 հաշվով պարտվելով Մոլդովայի լրագրողների թիմին, զբաղեցրել է երկրորդ տեղը։
Թբիլիսիում երկրորդ անգամ է անցկացվում լրագրողների ֆուտբոլային միջազգային մրցաշարը։ Ութ թիմեր բաժանվել էին երկու խմբերի, որոնցում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը խաչաձև համակարգով մրցում էին իրար դեմ` որոշելով եզրափակիչի ու երրորդ տեղի համար խաղի մասնակիցներին։ Հայ լրագրողներն իրենց խմբում զբաղեցրին երկրորդ տեղն ու եզրափակիչ դուրս գալու համար մրցեցին Կիևը ներկայացնող թիմի հետ։
Հաղթելով կիսաեզրափակիչում` Հայաստանի լրագրողների հավաքականը եզրափակչում մրցելու էր Մոլդովայի լրագրողների հետ։ Նույն Մոլդովան հաղթող էր ճանաչվել մեկ ամիս առաջ Լիտվայում կայացած միջազգային մրցումներում։ Այս անգամ էլ մոլդովացիներն ավելի հաջողակ գտնվեցին ու, գրանցելով 3։1 հաշիվ, դարձան մրցումների հաղթող։
Իսկ Հայաստանի լրագրողների հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Ընդ որում, չնայած մեր հավաքականը դարձել է տարբեր երկրներում անցկացված մրցումների մրցանակակիր, առայժմ չեմպիոն չեն դառնալ չի հաջողվել։
Դրական կայունությունը, որը դրսևորում է Հայաստանի լրագրողների հավաքականը, նախանձելի է ֆուտբոլի մեր մյուս բոլոր հավաքականների համար։