ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik․ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր:
Առողջապահության նախարարը շրջայց է կատարել հիվանդանոցում, ծանոթացել կլինիկաների գործունեությանը, տեսակցել հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվել փոքրիկի առողջական վիճակով: Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:
Նշվում է, որ Մուրացան հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն է տրամադրում և սպասարկում ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին հղիության 20-րդ շաբաթում COVID-19-ի հետևանքով մահացել էր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը՝ 41-ամյա Սիրանույշ Նալբանդյանը։