ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսպանական մի քանի համալսարանների գիտնականները Journal of Travel Medicine-ում ներկայացրել են համատեղ հետազոտության տվյալները՝ սելֆի անելիս մարդկանց մահվան ու ծանր վնասվածքների մասին, գրում է «Կոմերսանտը»։
Հաշվետու ժամանակահատվածում մահերի առավելագույն քանակն արձանագրվել է Հնդկաստանում (26 տոկոս), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (10 տոկոս), երրորդում՝ Ռուսաստանը (8,7 տոկոս): Հետազոտության տվյալների համաձայն՝ 2008 թվականից սելֆիից լրջորեն տուժել է ընդհանուր առմամբ 433 մարդ, որոնցից 379-ը մահացել են։
Հետազոտության մեջ նշվում է, որ սելֆիի հետևանքով մահանալու առաջին փաստագրված դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին: Մահացածների միջին տարիքը 24,4 տարեկան է։
Եթե 2013-ին ընդամենը 3 նման մահ է եղել, ապա 2019-ին՝ արդեն 68։ Համավարակի ընթացքում սելֆիի հետևանքով մահանալու դեպքերը նկատելիորեն քչացել են. 2020 թվականին գրանցվել է 37 դեպք: 2021 թվականի առաջին կեսին, երբ կորոնավիրուսային սահմանափակումները սկսեցին թուլանալ, ու զբոսաշրջությունն աստիճանաբար սկսեց վերականգնվել, սելֆի անելիս արդեն 31 մարդ է մահացել:
Սելֆի անելու փորձի ժամանակ մահանալու առավել հաճախակի պատճառ է ճանաչվել բարձրությունից ընկնելը (49,9 տոկոս), ընդ որում՝ 17 դեպքերում ընկնել են ջրվեժի մոտից: 28% դեպքերում սելֆիի պատճառով մահացել են տրանսպորտում (56 դեպքը` գնացքներում)։ 13,5% դեպքերում սելֆի անողները խեղդվել են։