Կարելի է վազել ու փող «աշխատել»․ ինչպես կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցույթը

Վազք
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 15 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 1500 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Մրցույթն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին։ Գիլոյանի խոսքով` մասնակցելու է 3 տարիքային խումբ․
1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004- 2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ), որոնք կվազեն 3 կմ,
2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ, որոնք կվազեն 10 կմ,
3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ, որոնք ևս կվազեն 10 կմ:
«Մենք այսօր Հայաստանում 10 կմ վազող ատլետ չունենք, դրա համար էլ հայտարարել ենք, որ կմասնակցեն բոլոր ցանկացողները։ Մասնակիցները պետք է հոկտեմբերի 30-ին ժամը 10-ից անձնագրով ներկայանան և գրանցվեն, որից հետո կստանան շապիկ և համար»,-ասաց Գիլոյանը։
Իմ աշխատանքի արդյունքը մարդիկ կզգան իրենց կյանքի որակի վրա. նախարարը` նոր ծրագրերի մասին
Առաջին խմբի մրցումը կմեկնարկի ժամը 13:00-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից:
Գիլոյանի խոսքով՝ մրցույթի ողջ ընթացքը հեռարձակվելու է։ Էջմիածնի հրապարակում մեծ էկրան է տեղադրվելու և բոլոր ցանկացողները կարող են գալ և հետևել։
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 15 մլն դրամ։
Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո:

«Ամեն ինչի մասին հոգացել ենք, մնում է եղանակային պայմանները լավը լինի, անձրև չգա, որպեսզի մասնակիցները կարողանան լիարժեք իրենց դրսևորել»,-ասաց Գիլոյանը։

Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաներն ու աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից, մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին` ժամը 11-16։30-ը, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից։ Բացի այդ, միակողմանի փակ է լինելու նաև Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։
ԲՏԱ նախարարությունը տիեզերական տեխնոլոգիաների դրամաշնորհների մրցույթ կհայտարարի