ՌԱԴԻՈ

ՀՀ նախագահի այցը կարող է շրջադարձային լինել. ինչո՞ւ էր Սաուդյան Արաբիան «մերժում» ՀՀ–ին

Արաբագետ Արաքս Փաշայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Սաուդյան Արաբիա կատարած այցին և այդ համատեքստում խոսել երկկողմ հարաբերությունների հեռանկարի մասին։
Sputnik
Սաուդյան Արաբիայի ու Հայաստանի հնարավոր ջերմացումն ու միջպետական կապերի սերտացումը կարող են միանգամայն շահեկան լինել մեզ համար, ինչի շնորհիվ պաշտոնական Երևանը կընդլայնի իր աշխարհաքաղաքականությունը Մերձավոր Արևելքում` չեզոքացնելով Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը մեկուսացնելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը։
Նրա դիտարկմամբ` քանի որ Սաուդյան Արաբիան արաբական և իսլամական աշխարհի, Մերձավոր Արևելքի հանգուցային պետություններից մեկն է, հետևաբար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն իսկապես կարող է շրջադարձային լինել` նպաստելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։

«Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ, որը համարվում է այդ երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, և պատահական չէ, որ իշխանությունը փոխանցվելու է հենց նրան։ Սաուդյան Արաբիան երկար տարիներ չէր ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` պատճառ բերելով արցախյան հակամարտությունը։ Այդ երկիրն իսմալական համերաշխության համատեքստում աջակցում էր Ադրբեջանին և տարիներ շարունակ Իսլամական համագործակցության համաժողովում պաշտպանել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումները»,– նշեց արաբագետը։

Փաշայանի կարծիքով` այսօր արաբական աշխարհում կան նաև այլ երկրներ, որոնց հետ Հայաստանը կարող է զարգացնել իր հարաբերությունները թե՛ աշխահաքաղաքական, թե՛ աշխարհատնտեսական առումով` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հակահայկական քարոզչություն է իրականացրել իսլամական աշխարհում, հետևաբար Հայաստանի համար շատ կարևոր է այդ բացասական ազդեցության չեզոքացումը` օգտագործելով գործընկեր պետությունների աջակցությունը։
Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ. ՀՀ նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա
Փաշայանն ընդգծեց այն հանգամանքը, որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իսլամական աշխարհի սոցիալական ցանցերում հակահայկական որոշակի տրամադրություններ արդեն իսկ ձևավորվել էին, հետևաբար եթե Հայաստանն ուզում է ակտիվորեն աշխատել ու պատշաճ կերպով ներկայացնել իր շահերը տարածաշրջանում, ապա պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի` օգտագործելով ցանկացած իրողություն, ցանկացած հնարավորություն իր համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Առավել ևս որ մեր երկրի առջև ծառացել են իսկապես լուրջ խնդիրներ։ Ըստ արաբագետի` մեզ անհրաժեշտ են ոչ թե ոտքի վրա կայացրած որոշումներ, այլ լրջորեն մշակված ու նպատակասլաց մոտեցումներ։
Նշենք, որ ՀՀ նախագահը հոկտեմբերի 26-ին աշխատանքային այց էր կատարել Սաուդյան Արաբիա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևէ չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ` առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն:։
Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմեդ բին Սալմանը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին։
Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայում համաժողովի է մասնակցել և զրուցել թագաժառանգի հետ
Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում մասնակցել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովի բացման արարողությանը։