Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Մաքսային ծառայողների կասկածամիտ հայացքներից՝ ուղղված ուղեբեռի պիտակներին՝ SVO (Մոսկվա, Շերեմենտևո օդանավակայան) հապավումով, մինչև պատճառաբանություններ, թե «ռուսները նորից չեն ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ԵՄ-ն կարողանա գրանցել «Սպուտնիկ V» պատվատսանյութը», «գազով շանտաժ անելու» մեղադրանքներից մինչև ճնշումներ RT-ի լրագրողների հանդեպ՝ ԵՄ տարբեր երկրներում, հանրությունը քանդողներին տրամադրվող բազմամիլիոն դրամաշնորհներից մինչև սպառնալիքներ։
Եվրոպան ցնցվում է ռուսաֆոբիայից, ինչպես որևէ բուժառուի կցնցեր այն հիվանդությունը, որը դեռ «Սուրբ Վիտի պար» են անվանում (բժշկական անվանումը՝ խորեա)։
Չնայած սիրուց մինչև ատելություն (իսկ ռուսաֆոբիան ոչ միայն վախի, այլև խորը ատելության արտահայտման ձև է), ինչպես գիտենք, ընդամենը մեկ քայլ է, Եվրոպային այդ քայլն անելու համար երկու տասնամյակից մի փոքր ավելի ժամանակ պահանջվեց։
․․․Իսկ ինչքա՜ն էր նա մեզ սիրում, հիշո՞ւմ եք։ Ինչպես էր մարդասիրական օգնություն ուղարկում (թերևս «ինձ պատշաճ չէ, տալիս եմ Աստծուն» շարքից էր, բայց մենք, ընդհանուր առմամբ, այդ գերսառեցված ու մաշվածի համար էլ երախտապարտ էինք)։
Բացի այդ, Եվրոպան մեզ լուսավորում էր` պատմելով, որ իրականում մենք դաժան մարդիկ ենք, ամեն ինչում մեղավոր ենք, երկիրը ԳՈՒԼԱԳ ենք սարքել, աջ ու ձախ բոլորին սպանում ենք։
Այդ բոլոր «պասերն» ուղեկցվում էին հենց ռուսական արվեստի առաջխաղացմամբ՝ փառատոններ, ցուցահանդեսներ, սակայն ընտրվում էր միայն այն, ինչը հաստատում էր ելքային պնդումը․ «ռուսները վայրենիներ են, նրանց նպատակն իրենց և մյուսներին ոչնչացնելն է»։
Նկատենք՝ դա տեղի էր ունենում արդեն այն բանից հետո, երբ Արևմուտքն ինքն իրեն սառը պատերազմի հաղթող հռչակեց։
Եվ ինքն իրեն անվանեց «Փայլող քաղաքը՝ լեռան վրա»։
Եվ որոշ թիթեռնիկներ նետվեցին դեպի այդ փայլը։
Իսկ այդ ընթացքւմ Ռուսաստանն ինչպես կարողանում էր` դուրս էր սողում այն դժոխքից, որը, ճիշտն ասենք, ոչ միայն նրա ղեկավարության սխալների արդյունքն էր, ոչ միայն այն ժամանակվա «Огонек»-ներում ու «Московские новости»-ներում բարձրացվող հիստերիկաների արդյունքը (այդ պարբերականներում ցանկացած հրապարակում հայտնվոմ էր «Էլ ավելի շատ դժոխք» նշանաբանով), այլև նպատակ էր, որն իրենց առաջ դնում էին նրանք, ովքեր միանգամայն գիտակցաբար քաոս էին ստեղծում երկրում։
Քաոս ստեղծողները նստած էին եվրոպական գեղեցկություններին նայող պատուհաններով հիասքանչ աշխատասենյակներում և ընդամենը մի բան էին ուզում` հասանելիություն ստանալ մեր ռեսուրսներին, ցանկալի է՝ հնարավորինս ցածր գնով։
Ռուսական «լիբերալ հանրությունը», վերադառնալով Մադրիդում կամ Ֆլորենցիայում իրենց վոյաժներից, խոսելով այնտեղի բարեկեցիկ կյանքի մասին, երբեք, ոչ այն է գիտակցաբար, ոչ այն է՝ չիմացության պատճառով, երբեք չէին հիշատակում գնապիտակի մասին, որը կախված էր յուրաքանչյուր փողոցի և յուրաքանչյուր տան վրա։
Երկրաբանական պատճառներով գրեթե բոլոր բնական ռեսուրսներից զրկված Եվրոպայի բարեկեցիկ կյանքը գաղութարարության վրա էր հիմնված։
Նվազագույն քաղաքական տատանում՝ և այդ հարուստ մայրցամաքը մոտավորապես մեկ շաբաթում կարելի է ծնկի բերել․ հիշենք թեկուզ 70-ականների սկզբի նավթային էմբարգոն։
Եվ չնայած Եվրամիությունը և անգամ այն արբանյակները, որոնք երազում էին միանալ նրան և լրացում դառնալ կրտսեր գործընկերոջ կարգավիճակում, շարունակում էին Ռուսաստանի հասցեին քաղցր խոսքեր ասել (իսկ մենք այդ խոսքերին վստահում էինք), գործնականում դա այլ տեսք ուներ։
Իսկ նրանք գիտեին, որ հազարամյակների սահմանագծին մեկնարկում է պայքարը բնական ռեսուրսների համար, և ամենահեռատես ռուս քաղաքական գործիչները նույնպես հասկանում էին դա։
Այլ հարց է, որ նրանք մտածում էին, թե մենք հումքի վաճառքից ստացած միջոցները կծախսենք «ծամոնի ու ջինսի վրա» (չէ՞ որ մեզ նույն «Огонек»-ում բացատրում էին, որ դրանք «ազատության և առաջընթացի խորհրդանիշերն են»), իսկ մենք դրանք ծախսեցինք ժամանակակից բանակ ստեղծելու, ճանապարհներ կառուցելու, քաղաքները կարգի բերելու, անվտանգության դոկտրին մշակելու, մի խսքով՝ այն ամենի վրա, ինչի համար ծախսելու իրավունք, եվրոպացի բյուրոկրատների և ամերիկացի գլոբալիստների կարծիքով, չունեինք։
Եվ հետո մենք, որքան էլ դժվար էր, նայեցինք եվրոպական իրականության դեմքին․ նրա աչքերում արդեն ցուցադրական քնքշանք ու հոգատարություն չէր, այլ չարություն։ Եվ նախանձ։
Հավաքական Արևմուտքն իրեն պահեց այն մարդու նման, որը, ինչպես Նաբոկովն էր գրում, վստահ էր, որ երշիկագործի կողքին է ապրում, իսկ երշիկագործը, պարզվեց, նաև հանճարեղ բանաստեղծ է։
Եվ ահա հենց դրա համար՝ հենց այն բանի համար, որ Ռուսաստանը հրաժարվեց լինել «երշիկագործի» դերում, սկսեց ատել Ռուսաստանը։
Ատելությունը, թվում է, իռացիոնալ զգացում է, և Եվրոպան, ըստ էության, պետք է ինքն իրեն բուժեր ատելությունից, սակայն էմոցիան շարունակում է գերակշռել։ Այսօր Ռուսաստանն ատում են այն բանի համար, որ այն կարողացավ պահպանել ինքն իրեն, կարողացավ իրեն, իբրև ազգի, պաշտպանել, նրան ատում են նաև այն բանի համար, որ աշխարհում, որտեղ կիզակետային բառը «անկայունությունն» է դարձել, Ռուսաստանին հաջողվել է, թեև սկզբում սխալվեով ու խարխափելով, գտնել իր ուղին, որ նրան հաջողվել է դառնալ մրցավար, որն օգնում է ելք գտնել ամենածանր հակամարտություներից ու ճգնաժամներից։
Ռուսաստանը պահպանեց արժեքների սեփական համակարգը՝ միաժամանակ բաց մնալով աշխարհի և նոր ժամանակների մարտահրավերների առաջ։
Երբ մեզ դուրս էին գրում` մտածելով, որ մենք «տարածաշրջանային բենզալցակայան» ենք, մենք քմծիծաղ տվեցինք և շարունակեցինք աշխատել։
Ինչ էլ լինի` մենք հո գիտենք, թե ինչ և ում ենք պաշտպանում, թե ինչ ենք անում և ում համար։
Ինչ վերաբերում է ռուսաֆոբիային՝ իհարկե, այնքան էլ հաճելի չէ հետևել «սուրբ Վիտի պարին» այն մարդկանց կատարմամբ, որոնց մենք դաստիարակված, կրթված և խելամիտ էինք համարում, բայց, ինչպես յուրաքանչյուր բժիշկ գիտի, ցանկացած հիստերիկայի դեպքում որքան ավելի քիչ ուշադրություն դարձնես, այնքան այն շուտ կավարտվի։
Վերջիվերջո, յուրաքանչյուրն իր գործն ունի․ մենք կառուցում ենք մեր երկիրը, նրանք՝ ատում այն։
Իսկ թե ով է այդպիսի իրավիճակում հաղթող դուրս գալիս, գիտի ցանկացած ոք, ով ծանոթ է Եվրոպայի ինչպես հին, այնպես էլ վերջին շրջանի պատմությանը։