ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ։ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի (Վարանդա) կատարած վերջին այցի ընթացքում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Չավուշօղլուն հավելել է, որ Հայաստանից «դրական ազդակներ են ստացվել», որոնց Անկարան նույնքան դրական կարձագանքի:
«Իսկ թե ինչ քայլեր մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկել, նույնպես քննարկում ենք։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանում որևէ դրական շրջադարձ դեռևս տեղի չի ունեցել»,- նշել է Չավուշօղլուն։
Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները կընդունվեն բացառապես Բաքվի հետ գործակցությամբ:
«Բոլորը պետք է ընդունեն, և Հայաստանում դա արդեն ընդունում են, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք, այն քայլերը, որոնք մենք կձեռնարկենք, մենք կանենք Ադրբեջանի հետ համատեղ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում ամրագրված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին կետը, ինչը, ըստ փաստաթղթի, «համապատասխանում է տարածաշրջանում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերին»:
Փաստաթղթում ընդգծվում է, որ կողմերը պետք է աշխատեն միասին՝ «առաջ շարժվելով առանց նախապայմանների» փոխվստահության մթնոլորտ ստեղծելու և նորմալ հարաբերությունների փուլային կարգավորման համար: