ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար նոր ուղիներ գտնելուն։ Նման համոզմունք այսօր հայտնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
«Չնայած միջոցների և առկա անձնակազմի սակավությանը՝ ծրագիրն իրականություն դարձավ մի քանի ամիսների ընթացքում։ Համոզված եմ, որ այս Առաքելական նվիրակությունը Հայաստանի և ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություն ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ», - ասել է Պառան։
Նա հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը կնպաստի Վատիկանի և Հայաստանի միջև կապերի ընդլայնմանը, այդ թվում ՝ Հայ Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերություններին ամրապնդմանը:
Այսօրվա միջոցառումը, նրա խոսքով, վկայում է այն հարգանքի մասին, որ կաթոլիկ եկեղեցին տածում է այս վսեմ հողի նկատմամբ, որտեղ բնակվում է քրիստոնեական հավատն առաջինն ընդունած հինավուրց ժողովրդի մի մասը։
Նշենք, որ հոկտեմբերի 27-28 պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն բացելու Հռոմի Պապի որոշման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի Իտալիա կատարած պետական այցի ժամանակ: Սարգսյանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս Պապի որոշումը նոր էջ կբացի Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերություններում ։