Պայքար է համավարակի հետ. ի՞նչ ճակատագիր կունենան ՀՀ ուսումնական հաստատությունները

Վահրամ Դումանյան
Վահրամ Դումանյանը հուսով է, որ ուսումնական հաստատությունները շուտով կվերադառնան առկա ուսուցման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հստակ պատասխան չտվեց, թե կորոնավիրուսային հիվանդության տարածման պայմաններում ինչ ճակատագիր կունենան ՀՀ ուսումնական հաստատությունները։
«Օրեր առաջ հանրակրթական դպրոցներում արձակուրդները երկարաձգվեցին, և առողջապահության նախարարի կողմից հորդոր եղավ բուհերին, որ հնարավորության դեպքում անցնեն հեռավար ուսուցման։ Դժվար հարց է, մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպես կկազմակերպվի հետագա ընթացքը, այդ հարցն այսօր հստակ և սպառիչ պատասխան չունի»,– նշեց ԿԳՄՍ նախարարը և հավելեց, որ իրավիճակն այս օրերին անկանխատեսելի է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ համակարգը անցնի նախկին մեխանիզմներին (ամբողջական հեռավար ուսուցման – խմբ.), Դումանյանը շեշտեց, որ իրենք կողմ են առկա ուսուցմանը։
Հեռավար կրթության անցնելը չպետք է լինի պարտադրաբար. ուսանողները մնացին հեռախոսների հույսին
«Ուղղակի այսօր պայքար է գնում համավարակի հետ, ունեցած հնարավորություններով փորձում ենք դիմակայել։ Իրավիճակի վերլուծությունը ցույց կտա, թե ինչ հնարավորություններ կան, և ինչ քայլեր կձեռնարկենք հետագայի համար»,– ասաց նախարարը։
Նա հուսով է, որ ուսումնական հաստատությունները շուտով կվերադառնան առկա ուսուցման։
Արցախում 40 տարեկան կին է մահացել կորոնավիրուսից. չի բացառվում` պատվաստումը պարտադրվի
Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հիվանդության տարածումը զսպելու նպատակով ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին առաջարկել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ։
Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններին հանձնարարվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար: ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորել է նաև զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց։
Ինչո՞ւ է Հայաստանում կորոնավարակակիրների թիվն ու մահացության ցուցանիշն ավելանում